Կոչումների մեջ ավելի պարտավորություններ եմ տեսնում, քան մեծարանք. «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այսպիսի համոզմունք հայտնեց «Կարին» ազգագրական երգ ու պարի համույթի ղեկավար Գագիկ Գինոսյանը, որին սեպտեմբերի 17-ին ՀՀ նախագահը շնորհել է ՀՀ մշակույթի վաստակավոր գործչի կոչում:
Հարցին` ի՞նչ է փոխել կոչումը նրա կյանքում, Գ. Գինոսյանը պատասխանեց, որ «առանձնապես ոչինչ չի փոխվել»:
«Շատ պաշտոնյա պատասխանատուներ, ներողամտություն հայցելով, ասացին, որ իմ կոչումը շատ են ուշացրել, բայց կարծում եմ, որ ես արժանի չեմ, քանզի շատ ավելի արժանավորներ այդպես էլ չարժանացան կոչումների, շատերը այլևս չեն էլ կարող, քանզի արդեն երկնքում են, այդ թվում` հերոսի կոչումների»,- ասաց մեր զրուցակիցը` դժվարանալով պատասխանել, թե Արևմուտքում ինչպես ու ինչ եղանակով են գնահատում արվեստի գործիչներին ու նվիրյալներին: «Կարծում եմ`ընդամենը հարգանքի տեսքով»,- հավելեց պարոն Գինոսյանը:










































