Այն, որ այսօր Բրյուսելում տեղի ունենալիք եռակողմ հանդիպումը աննախադեպ է իր ձեւաչափով եւ քաղաքական ազդագրով, վեր է կասկածից: Հայաստանի վարչապետը հանդիպում է ԱՄՆ պետքարտուղարի ու Եվրահանձնաժողովի նախագահի հետ, իսկ հանդիպման ընթացքում քննարկվելու են Հայաստանի տնտեսական զարգացմանը, ինչպես նաեւ մարդասիրական կարիքներին վերաբերող հարցեր: Երկրորդի առնչությամբ իհարկե պարզ է, որ խոսքն Արցախից բռնի տեղահանված, ադրբեջանական էթնիկ զտման ենթարկված քաղաքացիներին աջակցության մասին է: Ի՞նչ սպասել աննախադեպ ձեւաչափի հանդիպումից, արդյո՞ք՝ ինչպես ձեւաչափը, արդյունքն էլ կլինի աննախադեպ:
Սա պարզ չէ, որովհետեւ պարզ չէ անգամ, թե կոնկրետ ի՞նչ օրակարգ է լինելու սեղանին՝ առարկայացված, այսպես ասած՝ կետերով: Պարզ է միայն, որ ապրիլի 5-ի հանդիպումից առաջ թե Եվրամիությունը, թե ԱՄՆ, հանգստացրել են Ադրբեջանին, որ հանդիպումը Բաքվի դեմ չէ: Բայց, թերեւս արժեր, որ հանդիպումից առաջ ազդարարվեր՝ այն ոչ մեկի դեմ չէ, այլ ընդամենը միտված է Հայաստանի հետ հարաբերությունը խորացնելուն: Ինչ խոսք, պարզ է, որ՝ «ասելով չէ»: Այսինքն, միայն ասելը բավարար չէ, որ հանդիպման հանդեպ զգայուն որեւէ սուբյեկտ անվերապահ հավատա այդ հավաստիացումներին: Առավել եւս, որ հանդիպման մասնակիցներն էլ քննարկվելիք բովանդակությունը ամբողջությամբ սկուտեղով չէին մատուցելու որեւէ կողմի:
Միեւնույն ժամանակ սակայն, ներկայիս աշխարհում հազիվ թե կան հանդիպումներ, որոնք մնում են անվերապահ խորհրդապահության շրջանակում: Այդպիսով, հանրագումարում, Հայաստանի համար կարեւոր այդ հանդիպման առնչությամբ շատ կարեւոր է դրա «դեմ» տրամաբանության բացառումը, եւ դա շատ կարեւոր է առաջին հերթին Հայաստանի կատարմամբ: ԱՄՆ ու Եվրոպան առանցքային աշխարհաքաղաքական, տնտեսա-քաղաքական դերակատարներ են՝ ամեն մեկն իհարկե իր տրամաչափով, որոնց հետ սերտ աշխատանքը բխում է Հայաստանից շահից, եւ ավելին՝ այդ սերտ աշխատանքով կամ դրա ձգտմամբ աչքի են ընկնում գործնականում բոլոր երկրները, գուցե մի քանի բացառությամբ:
Ասել է թե, Հայաստանն այդ աշխատանքով չի անում որեւէ արտառոց բան: Միեւնույն ժամանակ, էական է, որ Հայաստանը աշխատանքը կատարի ամբողջությամբ, ասել է թե՝ աշխատի նաեւ միջազգային քաղաքական մակարդակում տեղեկատվական նենգափոխումներ թույլ չտալու ուղղությամբ, արեւմտյան ուղղությամբ աշխատանքը որեւէ այլ ուղղության հետ աշխատանքի հակադրելու միջավայրը բացառելու համար: Ընդ որում, կան դրա միջազգային օրինակներ: Եվ Հայաստանն այդ իմաստով թերեւս պետք է ձգտի իր համար բարձր նշաձողի՝ լինել այդպիսի օրինակներից մեկն ու նույնիսկ ամենից խոսունն ու հաջողվածը: Դա վեր է պետական, հասարակական-քաղաքական օրգանիզմի մեկ կամ մի քանի միավորի ուժերից: Այդ խնդիրը Հայաստանը կկարողանա լուծել կամ ամբողջ օրգանականությամբ, կամ՝ անգամ անկեղծորեն լուծում փնտրելով, կամա, թե ակամա ավելի շատ կբախվի հետեւանքների: Ի դեպ, այդ խնդիրը կարող է լինել ապրիլի 5-ի հանդիպմանը առնչվող հնարավոր ձեռքբերումների շարքում, անգամ, եթե խոսքը անմիջական հանդիպման հանդեպ անուղղակի առնչության մասին է:











































