Այսօր Աբովյան պուրակին հարակից փողոցի վրա գտնվող կրպակների ապամոնտաժումը հերթական անգամ հետաձգվեց: Թաղապետարանի ներկայացուցիչները այս անգամ փորձում էին ապամոնտաժել Աբովյան պուրակում գտնվող երկու կրպակները, որոնց կրպակատերերը մեզ հետ զրույցում հավաստիացրին, որ ունեն բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, բայց՝ ապարդյուն: «Հորդորեցին հանել կրպակում գտնվող ամբողջ ապրանքը, որպեսզի հեշտ ապամոնտաժեն:
Բայց մենք ընդդիմացանք, և Մարդու իրավունքների գրասենյակից ներկայացուցիչ հրավիրեցինք, որը թաղապետարանի աշխատակիցներից օրինական փաստաթուղթ պահանջեց, սակայն նրանք չունեին»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց կրապակատեր Արամը` տեղեկացնելով, որ խոստացել են օրինական փաստաթղթով վերադառնալ սեպտեմբերի 22-ին: Նշենք, որ ապամոնտաժման ենթակա բոլոր կրպակների տերերը համախմբվել են այս խնդրի շուրջը և ամեն հերթական ապամոնտաժվող կրպակի դեպքում հավաքվում են ապամոնատաժվող տաղավարի մոտ` փորձելով այս կերպ պայքարել և թույլ չտալ, որ ապամոնտաժումը շարունակվի: Կրպակատերերի շահերի պաշտպանության կազմկոմիտեի նախագահ Արևիկ Ղազարյանը ահասկանալի համարեց, թե ինչու են ապամոնտաժում միայն կրպակները:
«Թերթի կրպակները կրպակներ չե՞ն կամ թերթի կրպակների ծառայության կարիքը կա՞, իսկ կոշիկի վերանորոգման կրպակինը` ո՞չ: Անհասկանալի է, թե ինչ տրամաբանությամբ են որոշել ապամոնտաժվող կրպակների ցուցակը»,- ասաց Ա. Ղազարյանը: Նա նաև նշեց, թե նախապես քաղաքապետարանից ասել էին, որ ապամոնտաժելու են նաև «Գառդեռոբ» և «Բիզոն» կրպականման խանութները, որոնք գտնվում են Աբովյան փողոցի վրա, բայց այժմ դրանց մասին որևէ խոսք չկա: «Այսինքն՝ կա խտրականություն, ապամոնտաժում են միայն խեղճ կրպակները»,-ցավով փաստեց Կրպակատերերի շահերի պաշտպանության կազմկոմիտեի նախագահը:








































