Հիմալայներում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 50-ի, ավելի քան հարյուր մարդ վնասվածքներ է ստացել:
Առնվազն 25 մարդ է զոհվել հնդկական Սիկկիմ նահանգում,- հայտնում է տեղի ոստիկանությունը: Եվս 11 մարդ է զոհվել հարևան Բիհար և Արևմտյան Բենգալիա նահանգներում։ 7 մարդ զոհվել է Նեպալում, 7 մարդ՝ Տիբեթում: Այս մասին հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: Զոհերի թիվն աճելու միտում ունի, քանի դեռ կապ չի հաստատվել տուժած հիմնական բնակավայրերի հետ:
Փրկարարները զոհվածների դիերը դուրս են բերել շենքերի փլատակներից, որոնք խարխլվել էին անձրևների հետևանքով:
Երկրաշարժը 6,8 մագնիտուդ հզորությամբ է եղել: Երկրաշարժից տուժած շրջաններում վատ է աշխատում բջջային կապը: Բացի այդ, որոշ շրջաններ մնացել են առանց էլեկտրականության: