Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հոկտեմբերին Թուրքիայում (Իզմիրում) մեկնարկելու է Ադրբեջանի Հանրապետության պետական նավթային ընկերության (SOCAR) նավթավերամշակման գործարանի կառուցումը։ Այս մասին հայտարարել է SOCAR-ի նախագահ Ռովնագ Աբդուլաևը։
Վերջինիս խոսքերով՝ գործարանի տարեկան հզորությունը կազմելու է 10 միլիոն տոննա նավթ, ինչը լիովին կբավարարի թուրքական Petkim նավթաքիմիական ընկերության պահանջարկը.
«Այս նախգծի տնտեսական շահավետությունն այն է, որ այս գործարանը կառուցվում է Petkim-ի մոտ։ Տվյալ գործարանի կառուցմամբ մենք լուծում ենք երկու խնդիր. ա) ապահովում ենք Petkim-ի հումքային պահանջարկը, բ) քանի որ գործարանը գտնվում է Էգեյան ծովի մոտ, մենք պահեստավորվում ենք դիզելով, կերոսինով ու քիմիական հումքով, որոնց ռեզերվները շատ մեծ են Միջերկրական ծովում և Թուրքիայի շուկաներում։ Գործարանը բենզին չի արտադրելու։
Երեք տարվա ընթացքում գործարանում կտեղակայվի առաջին սարքավորումը։ Սկզբնական փուլում գործարանը գնահատվում է 5.5 միլիարդ դոլար»։
Հիշեցնենք, որ 2007 թվականին SOCAR-ը գնեց թուրքական Petkim պետական նավթային ընկերության բաժնետոմսերի 51 տոկոսը՝ դրա վրա ծախսելով վիթխարի գումար՝ 2 միլիարդ 40 միլիոն դոլար։
Ի դեպ, SOCAR-ը առաջիկա 7 տարիներին 17 միլիարդ դոլարի ներդրում է անելու Թուրքիայում։










































