Մարտի 25-ին պաշտոնական այցով Հայաստան է ժամանում Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն: Կոբախիձեն բանակցություն կվարի Նիկոլ Փաշինյանի հետ, կհանդիպի նաեւ Հայաստանի նախագահին: Կոբախիձեն Հայաստան է ժամանում Ադրբեջան կատարած այցից մի քանի օր անց: Սա նշանակու՞մ է, որ Հայաստան այցը կարող է լինել Ադրբեջան կատարած այցի «շարունակություն» եւ ենթադրել, որ Կոբախիձեն որոշակի «միջնորդական» կամ «հաղորդակցային» առաքելություն կիրականացնի Երեւանի եւ Բաքվի միջեւ:
Մյուս կողմից, Կոբախիձեի այցը կարող է լինել Հայաստան-Վրաստան ռազմավարական գործընկերության հռչակագրի շարունակությունը, որ ստորագրվեց հունվարի վերջին Նիկոլ Փաշինյանի Վրաստան կատարած աշխատանքային այցի ընթացքում: Իհարկե այդ հռակագիրը ստորագրեց Վրաստանի նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, որը պաշտոնանկ եղավ դրանից երկու օր անց: Նա եւ Իրակլի Կոբախիձեն այսպես ասած փոխվեցին տեղերով: Ղարիբաշվիլին դարձավ Վրացական Երազանք կուսակցության նախագահ, իսկ Կոբախիձեն՝ վարչապետ:
Իհարե կասկածից վեր է, որ այդ փոխատեղումը քաղաքական կուսակցության Պատվավոր նախագահի կարգավիճակ ստացած, դե ֆակտո առաջնորդ Բիձինա Իվանիշվիլու որոշումն էր: Այդ որոշումը թերեւս պայմանավորված էր ոչ միայն ներվրացական հաշվարրկներով, այլ նաեւ արտաքին քաղաքական:
Եվ այդ իմաստով, դրանից հետո իրապես արդիականներից է հարցը, թե Թբիլիսին ինչպիսի վերաբերմունք է ունենալու Հայաստանի հետ ռազմավարական գործընկերության հռչակագրի «շարունակության» առնչությամբ, որովհետեւ հռչակագիրը ոչինչ է, եթե այն չի ուղեկցվում գործակցության առարկայական նախագծերով: Այդ իմաստով, Կոբախիձեի Հայաստան կատարած այցի առանցքային հարցերից մեկն անշուշտ վերաբերում է հենց դրան. կլինի՞ հայ-վրացական ռազմավարական գործընկերության մասին հռչակագրի առարկայացման ուղղությամբ որեւէ քայլ: Միաժամանակ կասկածից վեր է, որ այդ գործընթացը իր վրա կրելու է արտաքին իրողությունների ազդեցությունը:









































