Խորհրդարան կառավարություն հարցուպատասխանի ընթացքում ՔՊ պատգամավոր Արսեն Թորոսյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարց ուղղեց հայկական ազգային ավիափոխադրողի կարգավիճակ ունեցող Ֆլլայ Արնա ընկերության մասին, որը ըստ էության դադարեցրել է իր գործունեությունը՝ դրա մեկնարկից մոտ մեկ տարի անց: Ֆլայ Արնան Հայաստանի Ազգային հետաքրքրությունների հիմնադրամի եւ Շարժայի ավիափոխադրող՝ Էյր Արաբիա հեղինակավոր ընկերության համատեղ ձեռնարկությունն է, որ ստեղծվել է 2021 թվականի ամռանը եւ որը ստացել է Հայաստանի ազգային ավիափոխադրողի կարգավիճակ:
Ընկերությունը ստեղծվեց այն ժամանակ, երբ ԱՆԻՖ գործադիր տնօրենն էր Դավիթ Փափազյանը՝ Հայաստանի նախկին արտգործնախարար Վահան Փափազյանի որդին, իսկ ԱՆԻՖ տնօրենների խորհրդի նախագահն էր այն ժամանակ փոխվարչապետ, ներկայումս քաղաքապետ Տիգրան Ավինյանը: Ավինյանը այդ պաշտոնը թողեց քաղաքապետի պաշտոնում ընտրվելուց քիչ անց, իսկ ավելի ուշ՝ աշխատանքից ազատվեց ԱՆԻՖ գործադիր տնօրենը, ըստ մամուլի հրապարակումների՝ ընկերության անարդյունավետ կառավարման պատճառով:
Տեղի ունեցավ փոփոխություն եւ կառավարման խորհրդի նախագահ նշանակվեց էկոնոմիկայի փոխնախարար Անի Իսպիրյանը, որը հետագայում արդեն հայտնվեց իրավապպահների ուշադրության կենտրոնում նախարարությանն առնչվող հայտնի աղմկոտ գործի շրջանակում: ԱՆԻՖ ղեկավար կազմի փոփոխությունը տեղի ունեցավ 2024 թվականի հունվարին: Սրանք ուշագրավ տեղեկություններ են, այդ թվում նաեւ պատգամավոր Թորոսյանի հարցի համատեքստում, որովհետեւ հարցի ընթացքում նա փորձեց վարչապետ Փաշինյանից պարզել՝ Ֆլայ Արնայի գործունեությունը վերականգնելու հույս կա՞, իսկ, եթե ոչ՝ ապա արդյո՞ք լինելու է քննություն, թե ինչու՞ է իրավիճակը ունեցել այդպիսի վախճան:
Այդտեղ էլ հենց Արսեն Թորոսյանը ակնարկեց էկոնոմիկայի նախարարության գործի մասին, որտեղ կան կալանավորվածներ, այն դեպքում, երբ չկա պետությանը պատճառված փողային վնաս, իսկ Ֆլայ Արնայի դեպքում խոսքը պետական միլիոնավոր դոլարների ներդրման մասին է, ինչը փաստացի օդից ընկել է ջուրը: Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե ուսումնասիրել են եւ ըստ դրա արդյունքի պարզ կլինի՝ կա՞ն քննության եւ քրեական գործի հիմքեր, թե՞ ոչ: Իսկ Ֆլայ Արնայի վերականգնման առնչությամբ նա հայտարարեց, թե չունեն դրա վերաբերյալ լավատեսական սպասումներ: Այդպիսով, հնարավոր է արձանագրել, որ Հայաստանում ձախողվեց հերթական ազգային ավիափոխադրողը: 90-ականներին Հայկական ավիաուղիներն էին, 2000-ականների առաջին տարիներին Արմավիան, իսկ այժմ Ֆլայ Արնան: Թե ինչու են հայկական ազգային ավիափոխադրողները տապալվում մեկը մյուսի հետեւից, ինչու՞ չի ստացվում ստեղծել մրցունակ ու աշխատող ավիաընկերություն, սա թերեւս կարեւոր ու մեծ հարց է:
Մյուս կողմից, վարչապետին ուղղված պատգամավորի հարցը անկասկած ունի նաեւ ներիշխանական նուրբ տողատակեր, հատկապես եթե հաշվի առնենք նաեւ մամուլի այն հրապարակումները, ըստ որոնց՝ իշխող թիմի ներսում որոշակի «ըմբոստ» պահվածք ունի առողջապահության նախկին նախարար, ներկայումս պատգամավոր Արսեն Թորոսյանը, որի շուրջ էլ ծավալվել են իրավական գործընթացներ, որոնք վերաբերում են առողջաօահության նախարար եղած շրջանին, այդ շրջանում նրա տեղակալի կալանավորմամբ: Միաժամանակ, Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը փաստացի վկայում է, որ Ֆլայ Արնայի գործը ըստ էության քաղաքական մթնոլորտի եւ ներիշխանական տրամադրություններն ու հավակնությունները կառավարելու «Դամոկլեսյան սուր» է, որ կախված է այն մարդկանց գլխին, որոնք առնչություն ունեցել են ԱՆԻՖ կառավարման, Ֆլայ Արնայի ստեղծման ու գործունեության հետ, որոնց թվում է փաստորեն ներկայիս քաղաքապետ Տիգրան Ավինյանը:








































