Մարտի 15-ին Վիեննայում կայացել է ՄԱԿ-ի Թմրամիջոցների հարցերով հանձնաժողովի 67-րդ բարձր մակարդակի նիստը, որին մասնակցել է ՀՀ պատվիրակությունը՝ ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանի գլխավորությամբ։ Պատվիրակության կազմում էր ՔՈԳՎ թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի մասնագիտացված ստորաբաժանման ներկայացուցիչ Վահան Հակոբյանը։
Ներկա էր Ավստրիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Պապիկյանը։ Բարձր մակարդակի նիստում ելույթ են ունեցել տարբեր երկրների կառավարությունների բարձրաստիճան ներկայացուցիչներ։ Իր խոսքում Արփինե Սարգսյանն ընդգծել է տարածաշրջանային և միջազգային համագործակցության կարևորությունը՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի գործում։
Նա ներկայացրել է նաև թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ոլորտում վերջերս Հայաստանի Հանրապետության արձանագրած հաջողությունները և ընդգծել հիմնական մարտահրավերները՝ հույս հայտնելով միջազգային գործընկերների հետ համատեղ փոխօգնության շրջանակներում գտնել նաև դրանց հաղթահարման ուղիները։