Անցած ամիսներին Բաքվից պաշտոնական Փարիզի հասցեին մի քանի կոշտ հայտարարություն է հնչել: Ադրբեջանը Ֆրանսիային հիշեցրել է նրա գաղութատիրական անցյալը, Ալժիրում «իրականացրած ցեղասպանությունը» եւ մեղադրել «նորգաղաթուտիրական քաղաքականության» մեջ: Միլլի մեջլիսը նույնիսկ Կորսիակայի եւ Նոր Կալեդոնիայի հետ միջխորհրդարանական համագործակցության խմբեր է ձեւավորել: Դա Բաքվի «հայելային պատասխանն» է Ֆրանսիայի Ազգային ժողովի եւ Սենատրի կողմից Լեռնային Ղարաբաղը ճանաչելու մասին բանաձեւերին:
Միջազգային մամուլում տեղեկություն է տարածվել, որ Ֆրանսիայի կենտրոնական եւ Կորսիկայի տեղական իշխանությունները տեւական բանակցություններից հետո համաձայնության են եկել Կորսիակայի «լայն ինքնավարության կարգավիճակի շուրջ»: Սպասվում է, որ Կորսիկայի տեղական խորհրդարանն այդ նախագիծը կքննարկի առաջիկայում: Կենտրոնական իշխանությունների կողմից գլխավոր բանակցող է ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանեն, Կորսիական ներկայացնում է տեղական իշխանության ղեկավար Ժիլեմ Սիմեոնին:
Փորձագետներից շատերը կարծում են, որ Կորսիկայի «լայն ինքնավարության» կարգավիճակը Ֆրանսիայի Ազգային ժողովում կարող է չհաստատվել: Ըստ նախնական համաձայնության՝ փոփոխություն պետք է կատարվի նաեւ Ֆրանսիայի սահմանադրության մեջ, բայց դա արդեն Ելիսեյան պալատի ներքին խնդիրն է՝ ինչպես է աշխատելու խորհրդարանի հետ: Էական է, գործադիր իշխանությունը պատրաստ է Կորսիկային «լայն ինքնավարություն» շնորհել, ինչը, հնարավոր է, վերջ կտնի տասնամյակներ ձգվող հակասություններին:
Ֆրանսիան համարձակ քայլ է անում: Սահմանադրությամբ Հինգերորդ հանրապետությունը ունիտար պետություն է: Կորսիկայի «լայն ինքնավարությունը» խորհրդարանական վավերացում անցնելու դեպքում բերելու է կենտրոնական եւ ռեգիոնալ իշխանության բորոլովին նոր որակի հարաբերությունների: Խնդիր է, թե Փարիզն այդուհետեւ ինչպես է վերաբերվելու աշխարհում գոյություն ունեցող նույն բնույթի խնդիրների կարգավորմանը:
Լեռնային Ղարաբաղը ճանաչելու մասին Ֆրանսիայի Ազգային ժողովի եւ Սենատի բանաձեւերին գործադիր իշխանության որեւէ քայլ չի հետեւել: Անցած մեկ տարում Իլհամ Ալիեւը հասել է նրան, որ հայ-ադրբեջանական բանակցություններին Ֆրանսիայի միջնորդությունն առնվազն առկախվել է: «Ալիեւի» Կորսիակայի խնդիրը, կարծես, մոտենում է իրավա-սահմանադրական կարգավորման: Իսկ «Մակրոնի» Արցա՞խը:
Ելիսեյան պալատը խորհրդարանական մակարդակով ընդունված բանաձեւերը շարունակելու է «փակոցի տակ» պահե՞լ, թե՞ Ադրբեջանի հետ հարաբերություններում կարող է օգտագործել կամ Եվրամիության արտաքին քաղաքականության օրակարգ բերել: Բաքուն պնդում է, որ բոլորը «պետք է ընդունեն առկա իրողությունները»: Խնդիր է դրված, որ միջազգային ատյաններում այլեւս չօգտագործվեն «Լեռնային Ղարաբաղ» եւ «Լաչինի միջանցք» ձեւակերպումները:
Կորսիկայում իրավիճակը «հրդեհային» չէ: Ֆրանսիան ինչու՞ է «լայն ինքնավարության» նախադեպ ստեղծում, եթե նկատի ունենանք, որ Եվրոպայում նման խնդիրներ ունեն նաեւ այլ երկրներ: Ի՞նչ դերակատարության է նախապատրաստվում Փարիզը: Կա՞ աշխարհաքաղաքական հաշվարկ:








































