Ուկրաինայի նախագահ Զելենսկին այցելել է Թուրքիա եւ քննարկել թե երկկողմ հարաբերությանը, թե Ռուսաստանի հետ պատերազմին առնչվող հարցեր: Զելենսկու հետ հանդիպումից ու քննարկումներից հետո Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան պատրաստ է լինել Ուկրաինայի եւ ՌԴ միջեւ միջնորդ: Միաժամանակ, Էրդողանը հայտարարել է նաեւ, որ Անկարան պատրաստ է կազմակերպել խաղաղության հասնելու քննարկումներ, բայց այն դեպքում միայն, երբ դրանց մասնակցի նաեւ Ռուսաստանը: Փաստացի, Ուկրաինայի տարածքային ամբողջության ճանաչման մասին վերստին հայտարարած Էրդողանը Զելենսկուն ակնարկել է, որ մտադիր չէ զբաղեցնել միակողմանի դիրքորոշում եւ հրաժարվել ՌԴ հետ աշխատանքից:
Զելենսկին հազիվ թե ունենար այդ առնչությամբ պատրանք, հաշվի առնելով այն, որ Թուրքիայի ներկայիս աշխարհաքաղաքական կշռի «գաղտնիքը» հենց միակողմանիության բացառումն է: Հենց Անկարան խախտի այդ տրամաբանությունը, անմիջապես արձանագրելու է «քաշի նվազում»: Հետեւաբար, պետք է ենթադրել, որ այցելելով Թուրքիա, Զելենսկին ըստ ամենայնի ակնկալել է հենց Թուրքիայի այդ երկկողմ խաղի հետ կապված որեւէ արդյունք: Դրա պատճառն այն է, որ Զելենսկին չի ստանում ակնկալիքների բավարարում Արեւմուտքի՞ց, թե՞ ավելին՝ նկատում է Արեւմուտքից իրավիճակի թեժացման ազդակներ, որտեղ սակայն տեսնում է իր համար ոչ թե անվտանգության լրացուցիչ ռեսուրս, այլ հակառակը:
Հատկանշական է, որ Զելենսկին Թուրքիա է այցելում այն ֆոնին, որ Ֆրանսիայի նախագահը բացել է Ուկրաինա զորք ուղարկելու թեմա: Առաջին հայացքից Կիեւի համար դա ցանկալի թեմա է: Բայց, ամբողջ հարցն այն է, որ ՆԱՏՕ զորքի մուտքը Ուկրաինա նշանակելու է ոչ թե Ուկրաինայի պաշտպանության նոր փուլի մեկնարկ, այլ՝ Ուկրաինայի մասնատման:
Հատկանշական է մի բան՝ Ուկրաինան առ այսօր, պատերազմի երկու տարիների ընթացքում Արեւմուտքից չի ակնկալել զորք, այլ միայն՝ զենք, թերեւս լավ պատկերացնելով, որ զորքի առկայությունն այդուհանդերձ ստեղծելու է շատ հարաբերական իրավիճակ. կամ Ռուսաստան-ՆԱՏՕ ուղիղ բախում եւ հետեւաբար միջուկային պատերազմ, որտեղ չի շահելու ոչ ոք, եւ առաւին հերթին հենց Ուկրաինան, կամ այդ բախումից խուսափելու համար ՆԱՏՕ զորքի մուտքով իրավիճակի սառեցում՝ գոյություն ունեցող դիրքային հարաբերակցությամբ, եւ արդեն դե ֆակտո առանց Ուկրաինայի որեւէ էական դերակատարման:
Ավելին, բացառված չէ, որ Կիեւը հենց այդպիսի վտանգներ է տեսնում Ֆրանսիայի նախաձեռնած քննարկումներում: Ի դեպ հատկանշական է, որ Կիեւը կարծես թե առանձնապես չի արձաանքել նախագահ Մակրոնի հայտարարություններին: Կօգնի՞ Թուրքիան Կիեւին «փակել» Ֆրանսիայի բացած «դիսկուրսը» եւ բացել ՌԴ հետ խոսակցության այլ «գիծ»: Իսկ կհամաձայնի՞ դրան Մոսկվան:









































