Համաձայն ԼՂՀ ՊԲ օպերատիվ տվյալների` հակառակորդի նախահարձակ գործողությունների արդյունքում արձանագրվել է վիրավորման մեկ դեպք. սեպտեմբերի 12-ին, ժամը 16.25-ի սահմաններում Մարտակերտի պաշտպանական ուղղությամբ տեղակայված դիրքերից մեկում հակառակորդի կողմից արձակված գնդակից միջին ծանրության հրազենային վիրավորում է ստացել ՊԲ ենթասպա, 1992թ. ծնված Վահե Ներսեսի Մանուկյանը:
ԼՂՀ ՊԲ դիրքապահ ստորաբաժանումների կողմից ձեռնարկված պատասխան գործողություններից հետո հակառակորդի ակտիվությունը ճնշվել է: Ըստ նախնական տեղեկությունների՝ ադրբեջանական զինուժը ևս ունեցել է կորուստներ:
ԼՂՀ ՊԲ փոխանցմամբ` անցած 7 օրերին ադրբեջանական առաջապահ ստորաբաժանումները առաջնագծի գրեթե բոլոր ուղղություններով տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել են ավելի քան 280 անգամ՝ արձակելով շուրջ 1600 կրակոց:
Բացի առաջնային գծում արձանագրված հրադադարի խախտումներից՝ անցած յոթնօրյակում հակառակորդի անօդաչու սարքերը մի քանի անգամ շփման գծի երկարությամբ իրականացրել են հետախուզական թռիչքներ: ՊԲ հակաօդայինները հավաստանշել են նրանց գործողությունները և անհրաժեշտության դեպքում ձեռնարկել կանխարգելիչ միջոցներ: Մասնավորապես՝ սեպտեմբերի 12-ին, ժամը 7.30-ի սահմանում ՊԲ ՀՕՊ և ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանումների կողմից ձեռնարկված հատուկ միջոցառումների արդյունքում Մարտունու շրջանի Վազգենաշեն գյուղի մերձակայքում շարքից հանվել է ադրբեջանական զինուժի մեկ անօդաչու թռչող սարք:
Խփված ինքնաթիռի մասերը գտնվում են ՊԲ համապատասխան ծառայությունների տրամադրության տակ: Դեպքի մանրամասները ուսումնասիրելու համար ստեղծվել է հանձնաժողով, տարվում է քննություն:








































