Silver Lake մասնավոր ներդրումային ընկերությունը դիտարկում է համացանցային հսկաներից մեկը` Yahoo!-ն գնելու գաղափարը: Այս մասին հաղորդել է Bloomberg գործակալությունը` հղում կատարելով երկու տեղեկացված աղբյուրների:
Ստացված տեղեկությունների համաձայն՝ Silver Lake-ը փորձելու է կլանել Yahoo!-ն, որպեսզի հետագայում կարողանա վաճառել նրա ասիական ստորաբաժանումները: Մնացյալ ակտիվները հնարավոր է նույնպես վաճառվեն կամ վերակառուցվեն:
Yahoo!-ի վաճառքի մասին խոսակցությունները սկսվել են վաղուց, քանի որ համացանցի շուկայում դեռևս զգալի դերակատարություն ունեցող ընկերությունը չի դիմանում հիմնական հակառակորդի` Google-ի մրցակցությանը: Վերջերս ընկերության տնօրենների խորհուրդն աշխատանքից հեռացրել է ընկերության տնօրեն Քերոլ Բարցին:









































