Բաքվի լրատվամիջոցները տեղեկություն են տարածել Ասկերանի «բերդի շրջակայքում զանգվածային թաղման վայր հայտանբերելու» մասին: Այսօր արդեն Ադրբեջանի օմբուդսմենը հայտարարություն է տարածել, որ հայնաբերված մարդկային մասունքները պատկանում են «Խոջալու ցեղասպանության խաղաղ զոհերին»: Նա միջազգային հանրությանը կոչ է արել «աչք չփակել Հայաստանի գործած պատերազմական հանցագործությունների դեմ եւ տալ դրանց իրավական գնահատականը»:
Մոտ երեք տասնամյակ Բաքուն միջազգային լայն քարոզչություն է ծավալել, որպեսզի հասնի «Խոջալուի ցեղասպանության ճանաչմանը»: Արշավը, որ ընթացել է «Արդարություն Խոջալուին» կարգախոսով, գլխավորել է Իլհամ Ալիեւի դուստրը՝ Լեյլան, ֆինանսավորումն իրականացրել է «Հեյդար Ալիեւ» հիմնադրամը: Ստեփանակերտում եւ Երեւանում ոչ ոք այդ քարոզչությանը հակազդող քայլ չի ձեռնարկել: Որպես հիմնավոր հակափաստարկ մշտապես հղում է արվել Դանա Մոզալովայի կողմից Այազ Մութալիբովի հետ հարցազրույցին, որտեղ Մութալիբովն ասում է, որ Խոջալուն կազմակերպել են իր քաղաքական հակառակորդները՝ իշխանափոխություն իրականացնելու համար:
Ընդհանուր առմամբ սա ճիշտ գնահատական է, բայց Ալիեւին հաջողվեց օգտագործել Մութալիբովի անձնական դժբախտությունը: Երբ Բաքվում նախկին նախագահի որդին մահացավ, Ալիեւն արտոնեց, որ քրեական հետախուզման մեջ գտնվող Մութալիբովը նրա թաղմանը ներկա գտնվի, Բաքվում մնա մինչեւ քառասունքը: Այդ ընթացքում մամուլը մի քանի կազմակերպված հարցազրույցներ ունեցավ Մութալիբովի հետ: Վերջինս հերքեց նախկին գնահատականը, ինչի դիմաց նրան նշանակվեց թոշակ, հատկացվեց պահպանվող ամառանոց:
Ճի՞շտ էր մշտապես ապավինել Մութալիբովի անկեղծությանը: Իհարկե՝ ոչ: Ճիշտ չէր նաեւ, որ Մոսկվայում ավելի քան քառորդ դար բնակված Մութալիբովի հետ ոչ մի հայ լրագրող կամ ուսումնասիրող հարցազրույց չունեցավ: Գուցե փորձեր եղել են՝ հայտնի չէ: Աններելի էր, որ Ստեփանակերտը Խոջալուի դեպքերը մատնեց անուշադրության: Թեեւ կարող էր քրեական գործ հարուցել եւ հիմնավոր փաստերով ապացուցել, թե իրականում ովքեր են կազմակերպել խաղաղ բնակչության սպանդը, ինչ նպատակով: Չէ՞ որ այդ մարդիկ ֆորմալ առումով ԼՂՀ քաղաքացիներ էին: Եւ զոհերը, եւ նրանց սպանության համար մեղավորները, ինչպես, օրինակ, Խոջալուի գյուղական համայնքի ղեկավար Էլման Մամեդովը:
Այդ հնարավորությունը բաց է թողնվել: Արցախի հայաթափումից հետո Ադրբեջանի հատուկ ծառայությունները, ուժային կառույցներն ամեն ինչ կարող են ստեղծել, հնարել, մոգոնել: Ո՞վ պետք է պարզի, թե մարդկային «մասունքները» որտեղ են հայտնաբերվել: Տասնյակ հայեր «Կոլցո» ռազմագործողության ամիսներին անհայտ կորել են: Տեղեկություններ կային, որ շատերն սպանվել են Շուշիի բանտում եւ Շահբուլաղի համակենտրոնացման ճամբարում: Ո՞վ է երաշխավորում, որ Ադրբեջանն այսօր հենց հայ մարդկանց մասունքները չի ներկայացնում որպես «Խոջալուի ցեղասպանության զոհերի» աճյուններ:
Առաջին պատերազմի տարիներից մոտ հազար հայ անհայտ կորած է: Նրանք խոշտանգվել եւ սպանվել են: Իսկ ո՞վ է ասում, որ Ադրբեջանը նրանց զանգվածային թաղման վայրերը չգիտի եւ այսօր չի պղծում նրանց մասունքները: Ակնհայտ է, որ Բաքուն Արցախի պատանդառված նախկին նախագահներին, զինվորականներին ցուցադրական «դատավարության» է տանելու: Խոջալուի ուրվականը վերակենդանացվում է այդ նպատակով: Սա արդեն անձերի, նախկին իշխանության խնդիր չէ: Անհրաժեշտություն է, որ ստեղծվի հատուկ աշխատանքային խումբ՝ ուսումնասիրելու իրադարձությունները լայն կտրվածքով:
Խոջալուի դեպքերի կապակցությամբ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը ժամանակին քրեական գործ է հարուցել, բայց ոչ թե ԼՂՀ իշխանության կամ ինքնապաշտպանության ուժերի հրամանատարների, այլ՝ ադրբեջանցի պաշտոնյաների դեմ: Վերադառնալով իշխանության, Հեյդար Ալիեւը կարգադրել է վարույթը կասեցնել: Պատասխանատվության է ենթարկվել միայն բանակում ԱԺՃ ներկայացուցիչ Ֆահմին Հաջիեւը: Դատավորի հարցին՝ ո՞վ է մեղավոր Խոջալուի խաղաղ մարդկանց սպանության մեջ, Հաջիեւը կարճ, կոնկրետ պատասխանել է .«Հեյդար Ալիեւ»: Խոջալուի ուրվականի վերակենդանացմամբ պետք է բացահայտվի Հեյդար Ալիեւի արյունռուշտ կերպարը:









































