Խաղաղության փոխարեն Փաշինյանը սուռոգատ է առաջարկում, չհարձակման մասին համաձայնագիր ստորագրելու առաջարկությունն այսպես է գնահատել Բաքվի մերձիշխանական լրատվամիջոցը եւ եզրահանգել, որ չսպասելով իշխանության արձագանքին՝ կարելի է վստահաբար ասել, որ Ադրբեջանը մերժելու է եւ պնդելու է, որ պայմանագիրը պետք է հիմնված լինի հայտնի հինգ սկզբունքների վրա: Ստացվում է բացահայտ անտրամաբանություն, որովհետեւ Բաքվի առաջարկած սկզբունքներից մեկը ուժի կամ ուժի կիրառման սպառնալիքի բացառումն է:
Բաքվում հասկացել են կամ ցույց են տալիս, թե այդպես են հասկացել, կամ վերագրում են անում, որ Փաշինյանը ձգտում է նախ ապահովագրվել ուժի կիրառման սպառնալիքից, ապա անցնել սահմանազատման եւ կոմունիկացիաների վերաբացման հարցերի քննարկմանը, եւ Ադրբեջանը կմերժի, որովհետեւ այդ դեպքում զրկվում է դիվանագիտական մանեւրի հնարավորությունից: Ավելի պարզ չես ասի. Ալիեւի խնդիրն է՝ ուժի կամ ուժի կիրառման սպառնալիքով հասնել իր համար ընդունելի պայմանագրի ստորագրման, որը կողմերին կպարտավորեցնի այդուհետեւ ձեռնպահ մնալ ուժի կամ ուժի սպառնալիքի «դիվանագիտական» գործիքակազմից:
Ի՞նչ հիմք է վկայակոչում ադրբեջանական մամուլը: Ոչինչ, բացի այն, որ «Հայաստանը պարտված է, իսկ միջազգային պրակտիկայում խաղաղություն հաստատվում է հաղթած կողմի պայմաններով»: Այդպես է, բայց որտե՞ղ է ամրագրված, որ եղել է Հայաստան-Ադրբեջան կամ Ադրբեջան-Հայաստան պատերազմ, որտեղ Հայաստանը պարտվել է եւ պարտավորվում է ընդունել հաթողի պայմանները: Նոյեմբերի 9-ի փաստաթուղթը սահմանում է, որ կրակը եւ ռազմական բոլոր գործողությունները դադարում են ղարաբաղյան հակամարտության գոտում:
Հայկական խոսույթի սպառնալիքն այն է, որ զինադադարի մասին համաձայնությունն անվանվել է կապիտուլյացիա: Նույնիսկ տեսակետ է շրջանառվել, որ Պուտինն է Հայաստանը փրկել, պայմանները կարող էին ավելի ծանր լինել: Ըստ էության, ոչ բացահայտ, բայց նույնը հասկացնում է նաեւ իշխանությունը, իսկ փորձագիտական հանրության մեծ մասն այն կարծիքին է, որ կան բանավոր համաձայնություններ եւ եթե դրանք չկատարվեն, Ադրբեջանը կվերսկսի ռազմական գործողությունները:
Քաղաքական, փորձագիտական եւ հանրային այս ընկալումների եւ խոսույթի գերակայության դեպքում ակնկալել, թե ինչ-որ մեկը մեր արդար դատին պաշտպան է կանգնելու՝ չափազանցված լավատեսություն է: Ոչ ոք քեզ չի պաշտպանի, եթե դու քեզ մեղավոր ես նշանակել: Դժվար է ասել՝ չիմացությունի՞ց է, թե՞ չկամեցողությունից, բայց փաստ է, որ Հայաստանն ինքը իր սահմանները վիճելի է տեսնում: Նույնիսկ պաշտոնական խոսույթում է «գերիշխում խորհրդային վարչական բաժանարար» ձեւակերպումը, որ Ադրբեջանում անվանում են «պայմանական սահման»:
Ո՞վ է ասել, որ նախկին միութենական հանրապետությունները սահմաններ չեն ունեցել: ԽՍՀՄ սահմանադրությունը միութենական հանրապետությունը ճանաչում է սուվերեն պետություն, որի սահմաններն առանց նրա համաձայնության փոփոխելի չեն: Միութենական հանրապետությունների միջեւ սահմանային եւ մաքսային ռեժիմ չի գործել, քանի որ քաղաքացիությունն ընդհանուր էր, տնտեսությունը եւ տրանսպորտը՝ նույնպես: Ադրբեջանը եւ Հայաստանը միջազգայնորեն ճանաչված են որպես նախկին խորհրդային հանրապետություն: Այլ Հայաստան եւ Ադրբեջան չկա:
Եթե Ալիեւի ցանկությունն է, որ պետք է նոր Ադրբեջան ստեղծվի, դրանից չի հետեւում, թե Հայաստանը պարտավոր է նրա երազանքների քննարկման մասնակից լինել: Մինչդեռ հայկական խոսույթն ինքնին սպառնալիք է:









































