Մի քանի օր է՝ ադրբեջանական լրատվամիջոցները գրում են Բաքվի թիվ 6 դպրոց-լիցեյում «արտակարգ միջադեպի» մասին: Բաքվի այդ դպրոցը խորհրդային շրջանում լավագույն ուսումնական հաստատության համարում է ունեցել: Այն ռուսական էր, որտեղ սովորում էին կուսակցական, պետական պաշտոնյաների զավակները: Այդ դպրոցն է ավարտել նաեւ Իլհամ Ալիեւը: Մի քանի տարի առաջ նրա կարգադրությամբ եւ անմիջական հսկողությամբ հին դպրոցական շենքի տեղում կառուցվել է նորը: Բացման արարողությունն Ալիեւը անձամբ է իրականացրել եւ հայտարարել, որ ստանձնում է ուսումնական հաստատության հովանավորչությունը:
Եւ ահա Եվրոպայում գործող՝ ադրբեջանական վտարանդիության լրատվամիջոցներից մեկին հաջողվել է պարզել, թե իրականում ինչ է տեղի ունեցել Ալիեւի դպրոցում: Ըստ տեղեկությունների՝ յոթերորդ դասարանի մի խումբ տղաներ «սեռական բռնության են ենթարկել երկրորդ դասարանի մի աշակերտի»: Ծնողների բողոքից հետո տեղի է ունեցել մանկավարժական խորհրդի նիստ, պատասխանատուների նկատմամբ «կիրառվել է կարգապահական տույժ»: Յոթերորդ դասարանցի աշակերտը «ծնողների ցանկությամբ տեղափոխվել է այլ դպրոց»:
Այդ մասին հայտարարել է դպրոցի տնօրենը: Փաստի առիթվ նա ասել է, որ «երկրորդ դասարանցի աշակերտը ոչ թե սեռական, այլ հոգեբանական ազդեցության է ենթարկվել»: Նրա մեկնաբանությամբ՝ «յոթերորդ դասարանցի աշակերտը սմարթֆոն հեռախոսով երկրորդ դասարանցուն ցուցադրել է ոչ պատշաճ բնույթի տեսանյութ, ինչից նա իրեն վատ է զգացել»: Ամենայն հավանականությամբ, այդ դպրոցը շարունակում է մնալ էլիտար, այնտեղ ադրբեջանցի պաշտոնյաների զավակներն են սովորում:
Խոսքն, այսպիսով, Բաքվի բարձրաշխարհիկ խավի զավակների վարքի մասին է: Դպրոցի տնօրենն, ըստ երեւույթին, մեղմում է իրավիճակը, իսկ իրականությունն այն է, ինչ հայտնի է դարձել ադրբեջանական վտարանդիության լրատվամիջոցներին. յոթերորդ դասարանի մի խումբ տղաներ երկրորդ դասարանցուն ենթարկել են սեռանական բռնության, որից հետո նա ծնողներին ասել է, որ դպրոց չի հաճախի: Միայն ծնողների համառ հարցումներից հետո է նա բացահայտել իր հետ տեղի ունեցածը:
Բռնության ենթարկողների եւ ենթարկվածի ինքնությունը չի բացահայտվում, հայտնի չէ, թե ովքեր են նրանց ծնողները: Տնօրենը մամուլին ասել է, որ դպրոցը հանդերձարանից մինչեւ դասասենյակներ, լաբորատորիաներ ու մարզադահլիճ մշտադիտարկման է ենթարկվում «հարյուրավոր տեսախցիկներով»: Նրա ասելով՝ այդ օրերի տեսագրությունները պահպանվել են, բայց «բռնության ոչ մի տեսարան արձանագրված չէ»:
Դեպքի վերաբերյալ որեւէ պաշտոնական հայտարարություն չի արվել, տնօրենը մնում է իր պաշտոնին: Նա, ամենայն հավանականությամբ, իշխող ընտանիքի հետ լավագույն հարաբերություններ ունի: Պատկան մարմիններն առանց Ալիեւի թույլտվության չեն կարող որեւէ որոշում կայացնել: Ըստ այդմ, կարելի է եզրակացնել, որ խնդիրը կարգավորվել է ներքին համաձայնությամբ. աշակերտներից մեկը հեռացվել է, խնդիրը համարվում է փակված:
Թե հանրային ի՞նչ արձագանք է ունեցել Ալիեւի հովանավորյալ դպրոցում տեղի ունեցած խայտառակությունը՝ տեղեկություններ չկան: Բայց դա չի նշանակում, թե ամեն ինչ այնքան հարթ է, ինչպես ներկայացնում է դպրոցի տնօրենը: Մանավանդ չի բացահայտվում, թե ուսումնական հաստատության պատասխանատուներից ովքեր եւ «կարգապահական» ինչ տույժ են ստացել:








































