Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) ադրբեջանական պատվիրակության լիազորությունները սահմանափակելու հարցը քվեարկության կդրվի այսօր երեկոյան։
Նախաձեռնությունը գերմանացի, սոցիալ-դեմոկրատ Ֆրանկ Շվաբեինն է։ Պատգամավորն իր առաջարկությունը հիմնավորել է, որ Ադրբեջանը ԵԽԽՎ-ն չի դիմել արտահերթ նախագահական ընտրությունները դիտարկելու հարցով, երկրում մշտապես խախտվում են մարդու իրավունքները, բռնաճնշվում է խոսքի ազատությունը: Պատգամավորը նաեւ հիմնավորել է, որ Ադրբեջանը անցյալ տարի արհելափակել է ԵԽԽՎ դիտորադական առաքելության մուտքը Լաչինի միջանցք:
Ըստ ընթացակարգի, այդ քվեարկությանն Ադրբեջանի պատվիրակությունը մասնակցելու իրավունք չի ունենա: Եթե առաջարկությունն անցնի փորձաքննություն եւ ԵԽԽՎ կողմից ընդունվի, ապա ադրբեջանական պատվիրակության լիազորությունները կսահմանափակվեն:
Անշուշտ, գործ ունենք եվրոպական ընթացակարգային բյուրոկրատիզմի հետ, բայց գործընթացի մենկնարկումն ինքնին քաղաքական է: Ադրբեջանի ԱԳՆ-ն այսօր հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է, որ նախագահական ընտրություններին «միջազգային լայն դիտարկումն ապահովված է»: Հայտնի է, որ դիտորդներ կուղարկի ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովը, ԱՊՀ-ն, Թուրքիան, Իսլամական համագործակցության եւ Շանհայի համագործակցության կազմակերպությունը: Նախնական տեղեկություններով, այդ օրը Բաքվում սպասում են նաեւ Վրաստանի ԿԸՀ նախագահին: Ամենայն հավանականությամբ, առանձին դիտորդական խմբեր կգործուղեն ՌԴ պետդումարն եւ Բելառուսի խորհրդարանը:
Լավագույն ցանկության դեպքում անգամ դժվար է ասել, թե ,,միջազգային լայն դիտարկումն ապահովված է,,: Ադրբեջանի ԱԳՆ-ն այս հայտարարությունը տարածել է ի պատասխան ԵԽԽՎ-ում սկսված գործընթացի: Նպատակն է՝ տպավորություն ստեղծել, որ Եվրախորհրդարանի, Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի, միջազգային այլ կազմակերպությունների եւ կառույցների մոտեցումները եւ գնահատականները չեն «ազդում Ադրբեջանի ներքին եւ արտաքին քաղաքականությանը, չեն կարող համոզմունք եւ դիրորոշում փոխել»: Գործնական քաղաքականության ռեժիմում, իհարկե, ԵԽԽՎ –ում ադրբեջանական պատվիրակության լիազորությունների սահմանափակման հարցով սկիզբ առած գործընթացի կարեւորություն քիչ ունի կամ չունի:
Բայց եթե այդ եւ մյուս հարթակներն առհասարակ քաղաքական նշանակություն չունենային, ապա նախապատերազմական երկու տասնամյակներում Բաքուն ահռելի միջոցներ եւ ջանքեր չէր ծախսի, որպեսզի ԼՂ հակամարտության վերաբերյալ այս կամ այն բանաձեւն ընդունվի: Ի վերջո, որեւէ պատվիրակության լիազորությունների սահմանափակումը քաղաքական դիրքորոշում է: Խորհրդարանական պատվիրակությունները ԵԽԽՎ-ում առաջնորդվում են իրենց երկրների արտաքին քաղաքական ընդհանուր կողմնորոշմամբ:
Այս իմաստով Իլհամ Ալիեւը Ստրասբուրգից խորհրդանշական ,,բարեւագիր,, է ստացել: Ստեղծված չափազանց բարդ իրավիճակում փորձության է ենթարկվում նաեւ Եվրոպան: Չհաղթահարել այդ մարտահրավերը՝ կնշանակի շատ որոշակիորեն սուբյեկտություն, դերակատարություն զիջել:









































