Ֆրանսիայի նախագահ Մակրոնը Ֆրանսիայի զինված ուժերին հղված ուղերձում խոսել է այն մասին, որ 2024 թվականին կապահովեն իրենց անդրծովյան տարածքների պաշտպանությանն ու «կբախվեն այն պարտավորություններին, որոնք կրում է մեր մեծ ազգը», ասել է Մակրոնը, խոսելով նաեւ մասնավորապես Բալկանների եւ Հայաստանի մասին, ու հիշատակելով Հայաստանի վերաբերյալ «պատմական որոշումը»: Ֆրանսիայի նախագահը չի ներկայացրել մանրամասներ, թե ինչ պատմական որոշման մասին է խոսքը, կամ որ որոշումն է դիտարկում պատմական:
Արդյո՞ք Ֆրանսիայի նախագահը նկատի ունի Հայաստանին սպառազինությունների վաճառքիի մասին համաձայնությունները, թե՞ նա նկատի ունի որոշում կամ որոշումներ, որոնք հրապարակայնորեն բարձրաձայնված չեն՝ որպես այդպիսին, սակայն այսպես ասած ընթացքի մեջ են: Բոլոր դեպքերում, անշուշտ, մանրամասները կլինեն շատ կարեւոր, հասկանալու համար, թե հատկապես ինչ նկատի ունի Ֆրանսիայի նախագահը՝ երկրի զինուժին հղված ուղերձում հիշատակելով նաեւ Հայաստանի մասին: Այն, որ Ֆրանսիան մեծ ուշադրության է արժանացնում Կովկասը, որտեղ իր շահերի առաջմղման առանցքային հենակետ դիտարկում է Հայաստանը, տեսանելի է բավականին «անզեն աչքով»: Ֆրանսիան հայտարարել է նաեւ Սյունիքում հյուպատոսություն բացելու մտադրության մասին եւ մեծ հավանականությամբ դա տեղի կունենա հենց 2024 թվականին:
Միաժամանակ, Ֆրանսիայի խորհրդարանը օրերս ընդունեց Ադրբեջանին դատապարտող նոր բանաձեւ, դարձյալ խոսելով այդ երկրի հանդեպ պատժամիջոցների անհրաժեշտության մասին: Ադրբեջանը Ֆրանսիայի այդ գործողությունները հրապարակավ գնահատում է որպես Կովկասի ապակայունացմանը միտված գործողություն, նշելով, որ Ֆրանսիան սրում է իրավիճակը: Ֆրանսիան իհարկե չի արել քայլեր, որոնք Ադրբեջանի համար ներկայացնում են սպառնալիք, բայց Բաքուն փորձում է ամենափոքր առիթն անգամ օգտագործել ապակայունացման հարցում սեփական պատասխանատվությունը լղոզելու համար: Ֆրանսիայի եւ Ադրբեջանի միջեւ բռնկվեց նաեւ այսպես ասած «լրտեսական սկանդալ»: Ադրբեջանը ձերբակալել է Ֆրանսիայի քաղաքացու:
Ադրբեջանա-ֆրանսիական սկանդալը թերեւս միայն առերեւույթ է այդպիսին, իսկ գործնականում Բաքուն թերեւս այդպիսով ստանձնում է այն խաղացողների շահերի «սպասարկումը», որոնց համար բնականաբար ցանկալի չէ Ֆրանսիայի «անդրծովյան ազդեցության» աճը կամ նույնիսկ պահպանությունը: Որո՞նք են այդ խաղացողները, սա էական, սակայն միարժեք հարց չէ: Կովկասում այդ իմաստով անկասկած ծավալվում է թե ֆրանս-թուրքական, թե ֆրանս-բրիտանական մրցակցություն, որտեղ բավականին հարաբերական է Ռուսաստանի դերակատարումը, հաշվի առնելով այն, որ Ռուսաստանը Կովկասում մրցակից է տեսնում թե Բրիտանիային՝ գլխավոր մրցակից, թե Թուրքիային, զգալիորեն նաեւ որպես բրիտանական «պրոքսի», որքան էլ այսօր Անկարան ունի իր ինքնուրույն խաղացողի վարկն ու նաեւ կարողությունները:
Այդ առումով, ռեգիոնում Ֆրանսիայի հավակնությունները Մոսկվայի համար որոշակի ռեսուրս են իր համար առավել էական դիտվող մրցակիցներին հակազդելու համար: Առանցքային է հարցը, թե ինչպես է իրավիճակը դիտարկում ԱՄՆ, ինչպես է տեսնում Ֆրանսիայի դերը, որն այդուհանդերձ էական առումով կախված է լինելու ամերիկա-ռուսական փոխհարաբերությունից: Փարիզի փութաջանությունն ու առնվազն հռետորաբանության մակարդակում արվող բավականին սուր հայտարարությունները հուշում են, որ Ֆրանսիան այդուհանդերձ ունի մեծ մերձավորարեւելյան վերաձեւման շրջանակում ներառյալ Կովկասում՝ անվտանգության ճարտարապետությունից դուրս մնալու, կամ այսպես ասած «առաջատար ակումբից» դուրս մնալու մտավախություն:
Այդ իմաստով, կասկածից վեր է, որ Ֆրանսիան որեւէ դեպքում չի կարող Հայաստանի հարցում մնալ մենակ, այլապես դա թույլ չի տա լուծել առնվազն այս ուղղությամբ կարեւոր աշխարհաքաղաքական հարցեր: Փարիզն անշուշտ դա պատկերացնում է եւ դիտարկում հնարավոր սխեմաներ: Բայց, ամբողջ հարցն այն է, թե Ֆրանսիան ու՞մ հետ է խաղալու, ի՞նչ թիմով, եւ միեւնույն ժամանակ՝ ի՞նչ թիմ է պատրաստ խաղալ Ֆրանսիայի հետ, հետեւաբար՝ ովքե՞ր են խաղալու Ֆրանսիայի դեմ: Հայաստանի համար սրանք վճռորոշ հարցեր են, Երեւանում կարեւոր եւ բախտորոշ որոշումներ կայացնելու համար:









































