Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ հանդիպումից մեկ օր անց Ստամբուլում իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության համապետական հավաք է անցկացրել: Ավելի վաղ թուրքական մամուլը ծանուցել էր, որ այն կհրավիրվի հունվարի 15-ին, եւ Էրդողանը կհրապարակի տեղական ընտրություններում ԱԶԿ-ի թեկնածուների անունները:
Ըստ երեւույթին, Էրդողան-Բլինքեն բանակցությունները բարդ են եղել, ինչն էլ Թուրքիայի նախագահին դրդել է զանգվածային միջոցառում կազմակերպել եւ գերկարեւոր նշանակության հայտարարություն անել. «Մենք ինչպես երեկ օգնել ենք Բոսնիայի մեր եղբայրներին, այսօր էլ օգնում ենք եւ վաղը կշարունակենք օգնել պաղեստինցի եղբայրներին»: Ստամբուլից ԱՄՆ պետքարտուղարը մեկնել է Աթենք: «Միլլիեթը»՝ հղում անելով հունական մամուլին, հաղորդում է, որ Բլինքենը Թուրքիայի նախագահից «Գազայի կառավարման հարցում օժանդակություն է ակնկալել»:
Էրդողանի հայտարարությունից հետեւում է, որ հետկոնֆլիկտային Գազայի հարցում Թուրքիան Միացյալ Նահանգներին օժանդակություն չի խոստացել: Բոսնիայի հիշատակումը պատահական չէ: Բալկաններում կարգավորումը կայացել է ԱՄՆ միջնորդությամբ: Հասկացվում է, որ Բոսնիա-Հերցեգովինա համադաշնությունը թուրքական առաջարկ է եղել: Դա չափազանց փխրուն պետական կառույց է, որ ցանկացած պահի կարող է փլուզվել, եւ այդ դեպքում Բոսնիան կընդունի Թուրքիայի հովանավորությունը:
Իսրայելա-պաղեստինյան կարգավորման հարցում Թուրքիայի դիրքորոշումն աներեր է՝ Պաղեստինը պետք է Արեւելյան Երուսաղեմ մայրաքաղաքով անկախ պետություն ճանաչվի, նրա 1967թ. սահմանները՝ վերականգնվեն, հրեա վերաբնակիչները՝ հեռանան: Որքանով հասկացվում է, ԱՄՆ-ը փորձում է Իսրայելին եւ արաբական երկրներին համոզել, որպեսզի Գազայի հատվածում իշխանությունը ՀԱՄԱՍ-ից անցնի Պաղեստինի ինքնավարությանը: Ստամբուլում Էրդողան-Բլինքեն բանակցություններից կարճ ժամանակ անց Իսրայելի վարչապետ Նեթանյահուն հայտարարել է, որ պատերազմը չի դադարի, մինչեւ Պաշտպանության բանակը չլուծի իր առջեւ դրված բոլոր խնդիրները: Նախօրեին պաշտպանության նախարար Գալանտը «զուտ անձնական» կարծիք էր հայտնել, թե Գազայում կարող է Պաղեստինի ինքնավարության կառավարում հաստատվել, պայմանով, որ իսրայելական հատուկ ծառայություններն ունենան ազատ ելումուտի իրավունք:
Կարելի է համարել, որ հետկոնֆլիկտային Գազայի հարցում թուրք-ամերիկյան համաձայնություն չի կայացել, քանի որ Էրդողանը զգուշանում է տեղական ընտրություններում քվեներ կորցնելուց: Բայց նա հայտարարել է, որ Մուստաֆա Քեմալի խորհրդանիշի չարաշահումը հանրային աջակցություն չունի եւ մի քանի անգամ կրկնել. «Այս երկիրը ղազի Մուստաֆա Քեմալի հետ որեւէ խնդիր չունի»: Առանձնահատուկ շեշտելով Մուստաֆա Քեմալի կրոնական աստիճանը, Թուրքիայի նախագահը, հավանաբար, ազդակ է հղում գլխավոր մրցակից Ժողովրդա-հանրապետական կուսակցությանը, որ երկրի արեւմտյան-եվրաատլանտյան կողմնորոշման ջատագովի համարում ունի:
Թուրքիայի նախագահը, կարծես, գործի է դրել երկրի աշխարհաքաղաքական ընտրության քրոնոմետրը. եթե «Արդարություն եւ զարգացում» իշխող կուսակցությունը տեղական ընտրություններում, այդ թվում առաջին հերթին՝ Ստամբուլում եւ Անկարայում, հաղթի, ապա Թուրքիան ավելի հավակնոտ կեցվածք է որդեգրելու: Հուսալ, թե մինչ այդ ԱՄՆ-ին կհաջողվի մարել իսրայելա-պաղեիստինյան հրդեհը եւ կանխել լայնածավալ պատերազմի սպառնալիքը՝ ոչ մի առումով իրատեսական չէ:
Շատ խորհրդանշանական է, որ Էրդողան-Բլինքեն բանակցությունների հաջորդ օրն Իլհամ Ալիեւը դեսպանների հավատարմագրի ընդունման արարողություն է կազմակեպել, բայց ԱՄՆ նորանշանակ դեսպանը չի հրավիրվել: Ըստ երեւույթին, Բաքուն մերժում է Վաշինգտոնում Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպման առաջարկությունը: Երեւում է, միջազգային քաղաքական ասպարեզում Բայդենի վարչակազմն այլեւս դիտարկվում է որպես «կաղ բադիկ»:
Հունիսին Եվրախորհրդարանի ընտրություններ են: Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելը հայտարարել է Եվրախորհրդարանի պատգամավոր առաջադրվելու մտադրության մասին: Եթե դա տեղի ունենա, եւ նա ընտրվի, պետք է վաղաժամ թողնի պաշտոնը: Հայ-ադրբեջանական բանակցությունների այսպես կոչված «բրյուսելյան հարթակն» առնվազն մինչեւ նոյեմբեր, երբ Եվրոպայի խորհրդի նոր նախագահ կընտրվի, կմնա չպահանջված: Ո՞վ եւ ինչպե՞ս է «լցնելու» դիվանագիտական վակուումը:









































