Նախորդ տարեվերջին Իրանի արտգործնախարար Ամիր Աբդոլահիանի հայաստանյան այցի ընթացքում արտահայտած մտքերը հայաստանյան հասարակական-քաղաքական, մեդիա շրջանակներում թարմացրին հարցերը՝ Արեւմուտքի հետ Հայաստանի հարաբերության հանդեպ Իրանի դիրքորոշման առնչությամբ: Իրանը պարբերաբար է հայտարարում, որ արտառեգիոնալ դերակատարների ներգրավումը ռեգիոնալ խնդիրների լուծման հարցում, իր համար խնդրահարույց է: Հայաստանում սա բնականաբար ընկալվում է այն տրամաբանությամբ, որ Իրանը դեմ է Արեւմուտքի հետ Հայաստանի հարաբերության խորացմանը: Արդյո՞ք իրավացի է այդ եզրահանգումը: Հազիվ թե:
Նախ, որեւէ ուղղությամբ հարաբերություն զարգացնելը Հայաստանի ինքնիշխան իրավունքն է: Միեւնույն ժամանակ, որեւէ երկիր, այդ թվում Հայաստանը, զարգացնելով իր ինքնիշխան հարաբերությունը տարբեր ուղղություններով, անկասկած պետք է հաշվի առնի իր անվտանգային անմիջական միջավայրում գոյություն ունեցող իրողությունները, առավել եւս, եթե դրանք իրենց կշռով, ծավալով, ներուժով գերազանցում են Հայաստանի հնարավորությունները բազմակի: Իրանն ըստ էության Հայաստանին հորդորում է հաշվի առնել իրողությունները: Դա բոլորովին չի նշանակում, որ Իրանը դեմ է Արեւմուտքի հետ Հայաստանի աշխատանքին:
Իրանը դեմ կլինի, եթե այդ աշխատանքը ստանա բնույթ, որը ռազմավարական հակադրության մեջ կմտնի Իրանի շահերի հետ, որոնք այսօր Հայաստանի ռեգիոնալ անվտանգության միջավայրում առավել համահունչն են Հայաստանի շահերի ու պատկերացումների հետ: Թեհրանը Երեւանին հորդորում է այն, ինչ ըստ էության եղել է եւ մշտապես լինելու է Կովկասի անվտանգության միջավայրի հիմքում, այսպես ասած՝ բնական-աշխարհագրական հիմքում, հետեւաբար լինելու է անվտանգության որեւէ ճարտարապետության անկյունաքարային հանգամանք: Արտառեգիոնալ որեւէ դերակատարի հետ աշխատանք արդյունավետ կարող է լինել միայն այդ հանգամանքը հաշվի առնելու եւ համադրության տրամաբանությամբ ուղեկցվելու պարագայում: Ավելին, այդ տրամաբանությունը կարող է ունենալ անգամ Իրանի պահանջարկը:
Դիմակայություններով սեղմվող աշխարհում դա անշուշտ ավելի ու ավելի բարդացող գործ է, սակայն հենց այդ գործն է, որ Հայաստանի համար չունի այլընտրանք, որովհետեւ որեւէ այլ տրամաբանությամբ սխեմա առաջ է բերելու ռեգիոնալ խզվածքներ, որոնց թիրախում կհայտնվի Հայաստանը: Հետեւաբար, Հայաստանը կամ կարողանում է արդյունավետ զբաղվել այդ գործով, կամ արդեն կհանձնվի բախտի քմահաճույքին՝ թե ինչ գործի շրջանակում կզբաղվի Հայաստանով: Կարող է իհարկե դա ունենալ լավ ելք, բայց բոլոր դեպքերում՝ մեզանից անկախ:









































