Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ներկայացուցիչ Ամիրբեկովը ֆրանսիական «Լե Մոնդ» պարբերականին տված հարցազրույցում վերստին հայտարարել է, թե Հայաստանին Ֆրանսիայից սպառազինության մատակարարումը վտանգում է Կովկասի կայունությունն ու ձգձգում Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ խաղաղությունը: Ասել, թե Բաքվի համար սա զուտ կամակոր պնդում է, թերեւս կլինի միամտություն: Միամտություն է կարծել նաեւ, թե Ադրբեջանին անհանգստացնում է սպառազինությունը: Այն գոնե առայժմ հեռու է թե անհանգստացնող ծավալից, թե անհանգստացնող «որակից»: Կասկածից վեր է, որ թիրախավորումը ունի ավելի խորքային տողատակեր, որտեղ Բաքուն հնարավոր է պարզապես «միջնորդ» է: Ադրբեջանն ու Ֆրանսիան օրերս «փոխանակվեցին» երկուական արտաքսված դիվանագետներով:
Նախ Բաքուն վտարեց Ադրբեջանում աշխատող երկու ֆրանսիացի դիվանագետի՝ ծառայության միջազգային կանոններին չհամապատասխանող գործունեության համար, եւ նախօրեին հետեւեց Ֆրանսիայի պատասխանը՝ արտաքսվեց երկու ադրբեջանցի դիվանագետ: Ինչու՞ հանկարծ, եւ ի՞նչ է «խոստանում» ադրբեջանա-ֆրանսիական այդ «դիվանագիտական պատերազմը», կամ գոնե փոխհրաձգությունը: Երկու երկրների հարաբերությունը գնահատելու համար թերեւս անհրաժեշտ է հասկանալ, թե ինչ է սպառնում օրինակ Ադրբեջանում ֆրանսիական խոշոր ներդրումներին: Ֆրանսիայի նավթարդյունաբերական հսկան՝ TotalEnergies-ը Ադրբեջանում իրականացնում է բազմամիլիարդ ներդրումային ծրագրեր թե նավթագազայյին սեկտորում, թե նաեւ վերականգնողական էներգետիկայի: TotalEnergies-ի գործադիր տնօրենը անցնող տարվա սեպտեմբերի 1-ին Իլհամ Ալիեւի հյուրն էր եւ նրա հետ քննարկում էր միլիարդավոր դոլարների ներդրումային՝ թե ընթացիկ ծրագրերը, թե մտադրությունները:
Առայժմ Ադրբեջանում ֆրանսիական ներդրումներին չի սպառնում ոչինչ։ Սրա մասին հայտարարել էր նաև Ադրբեջանի ԱԳ նախարարը՝ օրերս տարեմուտի իր ասուլիսում հետեւաբար հնարավոր է եզրակացնել, որ ֆրանս-ադրբեջանական «փոխհրաձգությունը» գոնե առայժմ ավելի շուտ անտուրաժային երեւույթ է, ինչը անշուշտ չի նշանակում, որ պայմանավորված չէ առավել խորքային իրողությունների ազդեցությամբ կամ դրանց վրա ազդելլու նկատառումով: Այստեղ ուշադրության է արժանի թերեւս մի հանգամանք: Ֆրանսիայի դեմ Ադրբեջանի «դեմարշը» ժամանակային առումով մեկնարկեց այն բանից հետո, երբ Էմանուել Մակրոնը արեց բավականին էական մի հայտարարություն: Եվրամիության ղեկավարները դեկտեմբերի վերջին որոշեցին Ուկրաինայի հետ սկսել ԵՄ անդամակցության բանակցություն, իսկ Վրաստանին էլ տվեցին ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակ:
Այդ որոշումներից հետո Մակրոնը հայտարարեց, որ Ուկրաինայի վերաբերյալ որոշումը չունի իրավական ուժ, այն զուտ քաղաքական է, իսկ Եվրամիությունը դեռեւս շատ հեռու է ընդլայնվելու հնարավորությունից: Այդ ընթացքում, Մակրոնը նաեւ բավականին երկարատեւ դադարից հետո հանկարծ որոշեց անդրադառնալ Պուտինի հետ հնարավոր հաղորդակցությանը, ասելով, որ «իր հեռախոսահամարը չի փոխվել», եւ առարկայական առաջարկի դեպքում Պուտինը կարող է կապվել: Մի կողմ թողնելով ձեւակերպումը, ակնառու է Մակրոնի ազդակը Պուտինին՝ որ ինքը պատրաստ է խոսակցության, եւ քննարկումների: Ինչու՞ Ֆրանսիայի նախագահը որոշեց հղել այդ ազդակը, սա իհարկե քննարկման հարց է:
Համենայն դեպս, Փարիզն ունի դրա բազում պատճառներ, առավել եւս, որ արեւմտյան մամուլում հայտնվում են տեղեկություններ օրինակ ոչ ամերիկա-ռուսական՝ ոչ միայն ազդակների, այլ նույնիսկ քննարկումների մասին՝ մասնավորապես ուկրաինական իրավիճակը սառեցնելու թեմայով: Ֆրանսիան, որ ձգտում է ապահովել իր դերը եւ տեղը այսպես ասած համաշխարհային բարձրագույն խմբում, բնականաբար դիտարկում է առկա գործընթացներից հետ չմնալը, այդ թվում Ռուսաստանի հետ շփումների հարցում: Ահա այս միտումների ֆոնին է, որ ուշագրավ է Ադրբեջանի «դեմարշը», որը զուտ ֆրանս-ադրբեջանական հարաբերության իմաստով ներկայումս լինելով թերեւս առավելապես անտուրաժային, խորքային առումով վկայում է գուցե, որ Ալիեւին ինչ որ մեկը մղել է Ֆրանսիայի դեմ քայլի:







































