ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը այսօր Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի և Երևանի կոնյակի գործարանի գլխավոր տնօրեն Արա Գրիգորյանի ուղեկցությամբ շրջել է գործարանի Հոկտեմբերյանի մասնաճյուղում` հետևելով խաղողի մթերման մեկնարկին:
Ինչպես լրագրողների հետ զրույցում վստահեցրել է գյուղանտեսության նախարարը, հանրապետության բոլոր մարզերի գործարաններում ևս մի քանի օրից կսկսվի խաղողի մթերման գործընթացը:
«Այս տարի ակնկալում ենք ունենալ 222 – 225 հազար տոննա խաղող, և մթերման ծավալները նախորդ տարվա համեմատությամբ կմնան նույնը»,- նշել է Սերգո Կարապետյանը` հավելելով, որ խաղողը պետք է մթերվի կիլոգրամի համար 130 դրամից սկսած:
«Նախարարությունը մարզպետարանների համապատասխան աշխատակիցների հետ միասին հետևելու է մթերման ողջ գործընթացին: Մասնագետները լինելու են բոլոր մթերող կազմակերպություններում, որպեսզի ամեն ինչ կազմակերպվի պատշաճ կերպով: Վճարումները լինելու են ժամանակին: Այն կազմակերպությունները, որոնք չեն կարողանա միանգամից վճարել գյուղացուն, գումարները կվճարեն ըստ նախապես սահմանված ժամանակացույցի` պայմանագրերի հիման վրա»,- նշել է նախարարը` հավելելով, որ գյուղացու ողջ արտադրանքը կմթերվի ամբողջությամբ ու ժամանակին:










































