Ադրբեջանի նախագահի օգնական Հաջիեւ բրիտանական BBC-ին տված հարցազրույցում ասում է, թե Հայաստանն ու Ադրբեջանը կարողացել են հասնել հարաբերական խաղաղության, հիմա դա երկարատեւ պայմանագրային խաղաղության վերածելու ժամանակն է: Թվում է, որ Հաջիեւը արտահայտում է ողջունելի մտքեր, սակայն գործնականում նրա հայտարարությունն այլ բան չէ, քան շանտաժ: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ բանակցային գործընթացը ձգվում է, որովհետեւ Ադրբեջանն օրինակ հրաժարվել է վերջին չորս հանդիպումից՝ արեւմտյան հարթակում: Ինչու՞ է Ադրբեջանը հրաժարվում: Որովհետեւ դնում է պայմաններ, որոնք չեն կարող Հայաստանի համար լինելն ընդունելի, դրանք չեն ենթադրում հավասարակշռություն, որը ցանկացած խաղաղության հիմքն է: Եթե Բաքուն իրապես տրամադրված է գնալ երկարատեւ, երկարաժամկետ պայմանագրային խաղաղության, ապա պետք է նրա քաղաքականությունը լինի հավասարակշռությանը միտված:
Դրա բացակայությունն ակնառու է: Այդ պարագայում էլ ակնառու է այն, որ խոսելով «հարաբերական խաղաղության» մասին, Հաջիեւը պարզապես դիմում է շանտաժի, ավելի շուտ՝ Բաքուն Հաջիեւի շուրթերով դիմում է շանտաժի: Եվ այստեղ առաջանում է հարց, թե արդյո՞ք բրիտանական հեղինակավոր մեդիահարթակից բարձրաձայնվող շանտաժը նշանակում է, որ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին կապերի օգնականը դրա այսպես ասած լիցքերը ստացել է Լոնդոն կատարած այցի ընթացքում ունեցած հանդիպումներից: Կասկածից վեր է, որ Ադրբեջանի այսպես ասած առավելապաշտ վարքագիծը ունի ամոյւր թիկունք, այլապես Բաքուն ինքնին որեւէ կերպ չէր գնա Արեւմուտքի հետ այդպիսի հարաբերության: Կարող է թվալ, թե այդ թիկունքը Ռուսաստանն է, որը չի ուզում արեւմտյան հարթակների դոմինանտություն:
Այստեղ հնարավոր է անել երկու հետեւություն: Կամ փաստորեն այդ դեպքում էլ՝ ինչպես Ուկրաինայում, Ռուսաստանը միայնակ դիմակայում է ամբողջ Արեւմուտքին եւ առայժմ հաջող, կամ իրականում խնդիրը լոկ Ռուսաստանը չէ, այլ հենց Արեւմուտքը, որտեղ բոլորովին այլ պատկերացումներ ու խնդիրներ ունեն ԱՄՆ, Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան, ու այդ ամենի հետ «հարաբերության» մեջ գտնվող Թուրքիան: Ընդ որում, դատելով մերձավորարեւլյան գոտում ծավալվող զարգացումներից, առավել հավանական է հենց այն, որ խնդիրը հենց Արեւմուտքում է եւ այնտեղ է բրյուսելյան ու վաշինգտոնյան հարթակների հարցում Ադրբեջանի դիրքորոշման թիկունքը:









































