Հայաստանում 2022 թվականին անցկացված մարդահամարի համաձայն՝ Հայաստանի մշտական բնակչությունը կազմում է 2 մլն 932 հազար 731 մարդ, հայտնում է Հայաստանի վիճակագրական կոմիտեն: Հայաստանում բնակչության թիվը վաղուց իջել է 3 միլիոնի հոգեբանական շեմն անգամ: Սա անշուշտ համեմատության համար արվող արձանագրում չէ, որովհետեւ ներկայիս թիվը նախորդ երեք տասնամյակի տարբեր հանգրվանների հետ զուտ համեմատելը ամենեւին ստույգ պատկեր ստանալու միջոց չէ: Գործոնները շատ են: Սակայն, ակնառու է մի բան՝ Հայաստանի դեմոգրաֆիական պատկերը լրջագույն մարտահրավեր է Հայաստանի պետականությանը, առավել եւս այն միջավայրում, որում գտնվում է այդ պետականությունը եւ որում գոյություն է ունենալու մշտապես:
2018 թվականից առաջ Սերժ Սարգսյանը հայտարարեց նպատակ՝ 2040 թվականին Հայաստանի բնակչության թիվը պետք է հասցնել առնվազն 4 միլիոնի: Նիկոլ Փաշինյանը գալով իշխանության «փոխեց» այդ նպատակը եւ հռչակեց 250 թվականի նշաձողը, հայտարարելով, որ պետք է Հայաստանի բնակչության թիվը մինչեւ այդ ժամանակահատված հասցնել նվազագույնը 5 միլիոնի: Ասել, թե դրանք ֆանտաստիկ նպատակներ են, անշուշտ կլինի սխալ: Ավելին, սահմանված նպատակը նվազագույնն է, եթե հայկական պետականությունն ուզում է կառուցել ներկայիս ռեգիոնում երկարաժամկետ կենսունակության ռազմավարություն: Ամբողջ հարցն այն է, թե որքանով է Հայաստանն ունակ կազմել այդ նպատակին հասնելու կենսունակ ռազմավարություն՝ ճանապարհային քարտեզով եւ մարտավարական քայլերի հաջորդականությամբ, որոնք կապահովեն չափելի արդյունք, ենթադրելով նաեւ չափում որոշակի միջանկյալ հանգրվաններում:
Մինչեւ 2025 թվականը կա քառորդ դար, եւ կա նվազագույնը միլիոն հավելյալ բնակչի ապահովման խնդիր: Մինչդեռ, պետք չէ թաքցնել, որ այսօր կա առնվազն հոգեբանական արտագաղթի մեծ խնդիր: Այսինքն, դեմոգրաֆիական պատկերի մի երեսը զուտ բնակչությունն է, սակայն մյուս ոչ պակաս կարեւոր երեսը, թե այդ բնակչությունը որքանով է ապրում Հայաստանում եւ Հայաստանում տեսնում ու պատկերացնում իր ապագան, այլ ոչ թե ապրում, որովհետեւ չունի հեռանալու շոշափելի հնարավորություն: Դրանից զատ, կարեւոր խնդիր է այն, թե արդյո՞ք դիտարկվում է Հայաստանի բնակչության աճի այսպես ասած ոչ միատարր մոդելը, երբ Հայաստանի ժողովրդագրական պատկերում օտարազգիների ներկայիս չափազանց փոքր, թերեւս հարյուրերորդական տոկոսները կարող են ավելանալ շոշափելիորեն: Ընդ որում, դա մի հանգամանք է, որի ծավալումը մեծ հավանակություն է ստանալ, եթե Հայաստանն ու Կովկասը հայտնվեն այսպես ասած բաց ռեգիոնի ռեժիմում: Այս խնդիրները պահանջում են լրջագույն քննարկումներ եւ սցենարների, լուծումների մշակումներ:
Սա պետության ռազմավարական գործ է, թերեւս նվազ տեսանելի եւ շոշափելի իր հրամայականով, բայց ոչ պակաս կարեւոր, քան օրինակ անվտանգության խնդիրների անմիջական լուծման հարցը: Ընդ որում, խնդիրը լոկ աճի սցենարներ մշակելը չէ, այլ վերը նշածս ոչ միատարության հանգամանքի համատեքստում՝ միջավայրային իրողություններից բխող աճի մարտահրավերները կառավարելու մեթոդաբանություն մշակելը: Որովհետեւ ժողովրդագրական աճը Հայաստանի համար լինելով կենսական անհրաժեշտություն, մեր ռեգիոնալ լայն միջավայրի առանձնահատկություններից ելնելով կարող է որոշակիորեն լինել նաեւ արտաքին միջավայրի մարտահրավեր: Սրանք ժամանակային կտրվածքով հեռու խնդիրներ չեն, քանի որ աշխարհակարգային վերափոխումը ենթադրելու է նաեւ պետությունների մակարդակով այս բաղադրիչի շուրջ ոչ հրապարակային, բայց էական գործընթացներ:









































