Հայաստանի եւ Ռուսաստանի դաշնակցային հարաբերությունն այսօր փորձության է ենթարկվում, հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, ասելով, թե փորձության ենթարկողն Արեւմուտքն է: Չանդրադառնանք հանգամանքին, որ իհարկե անվիճելի է աշխարհաքաղաքական մրցակցությունը Կովկասում, ու այդ համատեքստում նաեւ Հայաստանում:
Գլխավոր խնդիրն այն է սակայն, որ հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունը փորձության ենթարկելու որեւէ հիմք ստեղծել է առաջին հերթին հենց Ռուսաստանը, իր քաղաքական ռազմավարության եւ ռեգիոնալ քաղաքականության կառուցվածքով, մեթոդաբանությամբ եւ տրամաբանությամբ: Ընդ որում, դա ստեղծել է ամենեւին ոչ այսօր, այլ թերեւս առավել ակտիվ ռեժիմում այն փուլից սկսած, երբ Ռուսաստանի հետելցինյան իշխանության «դիլեմայում» հաղթեց այսպես ասած պայմանական ասած պուտինյան պատկերացումը կամ մոդելը: Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ հարաբերության ճգնաժամային դրսեւորումները սկսել են բոլորովին ոչ 2020 թվականին, այլ 2004-5 թվականներից, պարզապես դրանք ծլարձակումներն էին, որոնք «ոռոգվում» էին Ադրբեջանի հետ Ռուսաստանի ռազմավարական գործակցության մասին ստորագրվող փաստաթղթերով:
Դրան զուգահեռ, Ռուսաստանը ոչ թե փորձում էր հավասարակշռությունը համակարգորեն պահելու, ըստ այդմ անգամ իր ճկունությունը ապահովելու համար որակապես փոխել Հայաստանի հետ հարաբերությունը, այլ Հայաստանի հետ շարունակում էր խոսել վերադասի, վերակացուի դիրքից, համարելով, որ Հայաստանը պետք է բավարարվի լոկ նրանով, որ Ռուսաստանը առնվազն թույլ չի տա Ադրբեջանին հարձակվել: Իհարկե, միամտություն կլիներ Ռուսաստանից պահանջել հրաժարվել Ադրբեջանի հանդեպ ռազմավարական դիտանկյունից: Սա տարողունակ թեմա է:
Բայց, այդ դիտանկյունը պահանջում էր գնալ Հայաստանի հետ հարաբերության մոոդելի եւ փիլիսոփայության արդիականացման, որպեսզի Ադրբեջանի հետ հարաբերությունը չդառնար Հայաստանի հետ հարաբերության անհաղթահարելի փորձություն: Ռուսաստանը դա չարեց, ցուցաբերելով իր համար «ավանդական» մտածողություն ու մոտեցումներ, ինչը ժաանակի ընթացքում ավելի խորացնում ու անխուսափելի էր դարձնում հայ-ռուսական քաղաքական հարաբերության ճգնաժամն ու դրա ազդեցությունը նաեւ ավելի լայն տրամադրությունների վրա: Հայաստանը մշտապես փորձել է թույլ չտալ խորացում, չանել ճգնաժամը խորացնող «հանդիպակաց» քայլեր, հարթել անկյունները, սակայն այդ փորձերը դիտվել են ոչ թե ճգնաժամից խուսափելու ջանք, այլ՝ Հայաստանի պարտավորություն:
Ինչ խոսք, Ռուսաստանի աշխարհաքաղաքական որեւէ մրցակից պետք է փորձեր օգտվել առկա իրողություններից, հանգամանքից: Չփորձելը կլիներ տգիտություն: Բայց, այդ հնարավորությունը որեւէ մեկին տվել է հենց ինքը Ռուսաստանը, եւ Լավրովը չպետք է բողոքի որեւէ մեկից, իրենից, իր ղեկավարած գերատեսչությունից, ռուսական քաղաքական վերնախավից բացի, որոնք չեն կարողացել դուրս գալ ավանդական մահակային մտածողությունից, միեւնույն ժամանակ նաեւ մտել են տարբեր անձնական բիզնես գործարքների մեջ ադրբեջանական վերնախավի ներկայացուցիչների հետ, առաջացնելով ոչ միայն հայ-ռուսական հարաբերության ճգնաժամ եւ փորձություն, այլ ընդհուպ ռուսական պետականության ճգնաժամ: Ի վերջո, նաեւ հենց այդտեղ է ուկրաինական պատերազմի մոտիվներից մեկը՝ այդ ներքին ճգնաժամի հաղթահարման համար արտաքին ուժեղ «խթան» ստեղծելը:









































