Վերջին շաբաթներին բավականին հաճախակիացել է խոսակցությունը, գնահատականները, դիտարկումները Հայաստան-Ադրբեջան երկկողմ ձեւաչափի մասին, դրա հնարավորության, շահեկանության, վտանգների վերաբերյալ: Այդ խոսակցությունները թերեւս էներգիայի ու ժամանակի ավելորդ վատնում է, որովհետեւ գործնականում Հայաստան-Ադրբեջան երկկողմ ձեւաչափի գոյություն բացառվում է: Այն կարող է լինել առավելապես ձեւ, սակայն բովանդակային, սուբյեկտային իմաաստով Հայաստանն ու Ադրբեջանը մեղմ ասած հեռու են այն կատեգորիայից կամ կարգից, որը նրանց թույլ կտա գործուն կերպով շրջանցել Կովկասի ստատուս-քվոյի համար պայքար մղող աշխարհաքաղաքական ուժային կենտրոնների շահերը, հետաքրքրությունները, նպատակադրումները:
Ըստ այդմ, նրանք կարող են միայն հարաբերականորեն լինելու «մի կողմ քաշված», սակայն գործնական իմաստով Կովկասում հնարավոր չէ թե երկկողմ, թե եռակողմ «սուվերեն» ձեւաչափ, սուբյեկտային ձեւաչափ: Դուր է գալիս դա ինչ որ մեկին, թե ոչ, լավ է, թե վատ, սա հարցի այլ կողմ է: Կա փաստ, կա ուժերի հարաբերակցություն, ռեգիոնի աշխարհաքաղաքական նշանակություն, ընդ որում ոչ միայն ինքնին, այլ նաեւ դեպի այլ ռեգիոն «բանալի» կամ «դարպաս» իմաստով: Եթե այդուհանդերձ Հայաստանի իշխանությունն ունենա իրապես երկկողմ կամ եռակողմ ձեւաչափի հավատալու միամտություն, ապա դա պարզապես կլինի ճանապարհ դեպի հմտորեն հյուսված ծուղակ կամ թակարդ, որում կհայտնվի Հայաստանը:
Ինչ վերաբերում է դեմ առ դեմ երկկողմ հանդիպումների՝ ձեւի իմաստով, ապա այստեղ Հայաստանը չի կարող անվերջ խուսափել դրանցից: Տարբեր փուլերում եւ իրավիճակներում դրանք կարող են լինել անհրաժեշտություն, ըստ այդմ Հայաստանը պետք է կարողանա պատրաստ լինել այդպիսի դրվագների, դրա համար ձեւավորելով նաեւ այն միջավայրը, որտեղ այդ դրվագները որեւէ պարագայում անխուսափելի լինելու կամ անհրաժեշտ լինելու դեպքում, ներդաշնակ կերպով համադրվեն անհրաժեշտ երրորդ կողմերի հետ Հայաստանի դիվանագիտական աշխատանքով՝ Հայաստանի շահերի ու անվտանգության առավելագույն արդյունավետությամբ սպասարկման համար:









































