ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը քննադատության է ենթարկել Իսրայելին՝ պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական կազմակերպության դեմ ռազմական գործողությունների ընթացքում քաղաքացիական անձանց շրջանում զոհերի մեծ թվի համար։ Թերևս, ռազմական գործողությունների երկու ամիսների ընթացքում սա ԱՄՆ-ի կողմից ամենախիստ քննադատությունն է, ըստ որի՝ քաղաքացիական անձանց պաշտպանելու՝ Իսրայելի հայտարարված նպատակների և զոհերի թվի միջև շատ մեծ տարբերություն կա։
Բլինքենը նման հայտարարություն է արել Վաշինգտոնում Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դեյվիդ Քեմերոնի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում։
«Հարավում ռազմական գործողություններից մեկ շաբաթ է անցել, և անհրաժեշտություն է մնում այն, որ Իսրայելն առաջնահերթություն տա քաղաքացիական անձանց պաշտպանությանը․․․ Քաղաքացիական անձանց պաշտպանելու մտադրության և տեղում մեր տեսած իրական հետևանքների միջև․․․ իսկապես ճեղք կա», – ասել է Բլինքենը։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն իր հերթին Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի և Հորդանանի թագավոր Աբդալլահ II-ի հետ առանձին հեռախոսազրույցներում շեշտել է քաղաքացիական անձանց պաշտպանելու «ծայրահեղ անհրաժեշտությունը», այդ թվում՝ հումանիտար միջանցքների բացումը, որպեսզի մարդիկ կարողանան դուրս գալ ռազմական գործողությունների գոտուց։
Իսրայելը հայտարարել է, որ պետք է վերացնի ՀԱՄԱՍ-ը, և բացի Գազայի հատվածի հյուսիսից՝ արդեն մեկ շաբաթ է՝ ռազմական գործողություններ է իրականացնում Գազայի հարավում։








































