«Որոշել ենք ցույց տալ ՀՀ տնտեսության հզորությունը և այն մարդկանց գործունեությունը, ովքեր նպաստում են այդ հզորացմանը: Կկազմակերպվի «Տարվա լավագույն ապրանքանիշ» մրցանակաբաշխությունը, որտեղ առաջին անգամ սպառողը ինքն է քվեարկում գործարարի, տեղական արտադրողի օգտին»,- այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի շրջանակներում նշել է «Հայաստան-Արցախ-Սփյուռք» համահայկական հիմնադրամի երևանյան գրասենյակի ղեկավար Աստղիկ Խաչատրյանը:
«Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանը պարզաբանեց. «Կարևոր է, որպեսզի նոմինանտներն ունենան կորպորատիվ պատասխանատվություն և սոցիալական փաթեթ, բացի այն, որ նրանք որոշակի ծառայություններ են մատուցում: Գիտենք, որ մեզանում շուկան մասամբ մենաշնորհված է, և, փաստորեն, նրանց դեմ «խաղ չկա», դրա համար մեթոդաբանությունն այն է, որ արտադրողը կարողանա շուկայում փոքր հատված զբաղեցնել, բայց որակը գնից բարձր լինի: «Տարվա լավագույն ապրանքանիշ» կոչումը ավելի բարձր է պետական պարգևներից, որովհետև ժողովրդի կարծիքը ամենակարևորն է»:
Արտադրողները պետք է հասկանան, որ մենաշնորհը շուկայում գործողություններ կատարելու լավագույն ձևը չէ:











































