Ապրիլի 28-ից Գեղարքունիքի մարզում մեկնարկել եւ ընթանում են Ճամբարակ-Վահան հանրապետական նշանակության ավտոճանապարհի 5,7 կիլոմետր հատվածի հիմնանորոգման աշխատանքները, որոնք այժմ գտնվում են ավարտական փուլում։
Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության եւ ենթակառուցվածքների կառավարման վարչությունից, ճանապարհի հիմնանորոգման պայմանագրային արժեքը կազմում է 898 միլիոն դրամ, որն ամբողջությամբ հատկացվել է պետբյուջեի միջոցներից։
Ծրագրի ներդրման արդյունքում իրականացվել է ջրահեռացման համակարգի, մայթերի կառուցման, երթեւեկելի մասում հիմքերի եւ երկշերտ ասֆալբետոնյա ծածկի տեղադրման, 2 կամուրջների հիմնանորոգման, ճանապարհի կահավորման եւ գծանշման աշխատանքներ։
Հիմնանորոգվող ճանապարհի շուրջ երկու կիլոմետրանոց հատվածն իրականացվել է Վահան բնակավայրի ներսում։ Երթեւեկելի մասում հիմնանորոգվել է 37 հազար 515, մուտքերում՝ 7246 քառակուսի մետր մակերես ունեցող ճանապարհ։
Շինարարական աշխատանքներն իրականացրել է «Կապավոր» ՍՊԸ-ն։
Հիմնանորոգված Ճանապարհը շահագործման կհանձնվի մինչեւ տարեվերջ։
Ճամբարակ համայնքում էլ արդեն ավարտին են մոտենում Ճամբարակ-Թթուջուր հանրապետական նշանակության ավտոճանապարհի 3 կիլոմետր երկարության հատվածի հիմնանորոգման աշխատանքները, որոնք մեկնարկել էին 2023 թվականի մայիս ամսից, ՀՀ ՏԿԵ նախարարության պատվիրատվությամբ։
Հողաշինության եւ ենթակառուցվածքների կառավարման վարչությունից, ճանապարհի հիմնանորոգման պայմանագրային արժեքը կազմում է 530 միլիոն դրամ, որն ամբողջությամբ հատկացվել է պետբյուջեի միջոցներից։
Ծրագրի ներդրման արդյունքում իրականացվել է ջրահեռացման համակարգի, երթեւեկելի մասում հիմքերի եւ երկշերտ ասֆալբետոնյա ծածկի տեղադրման, 1 կամրջի հիմնանորոգման, ճանապարհի կահավորման եւ գծանշման աշխատանքներ։
Երթեւեկելի մասում հիմնանորոգվել է 24 հազար 250 քառակուսի մետր մակերես զբաղեցնող ճանապարհ։ Նույն ծրագրի շրջանակներում ասֆալտապատվել է նաեւ Թթուջրի միջնակարգ դպրոց տանող ճանապարհը։
Շինարարական աշխատանքներն իրականացրել է «Կապավոր» ՍՊԸ-ն։
Հիմնանորոգված Ճանապարհը շահագործման կհանձնվի մինչեւ տարեվերջ։










































