ՀՀ Տավուշի մարզի եւ Ադրբեջանի Ղազախի շրջանի սահմանային հատվածում այսօր տեղի կունենա Հայաստանի եւ Ադրբեջանի փոխվարչապետների գլխավորած հանձնաժողովների հանդիպումը՝ սահմանազատման եւ սահմանագծման թեմայով: Համեայն դեպս այդպես է պաշտոնական տեղեկատվության համաձայն: Ինչու՞ է կարեւոր այդ հանգամանքի շեշտադրումը: Որովհետեւ, մինչ այդ պաշտոնական հաղորդագրությունը, նախ Բաքուն, հետո Երեւանը արեցին հայտարարություններ ԱԳՆ մակարդակով: Բաքուն Երեւանին առաջարկեց հանդիպել սահմանին եւ քննարկել խաղաղության գործընթացի հեռանկարը, իսկ Երեւանը մեկ օր անց հայտարարեց, որ Բաքվին առաջարկել է սահմանագծման եւ սահմանազատման հարցերի հանձնաժողովների հանդիպում սահմանին:
Այժմ, թե հատկապես ու՞մ առաջարկին է ավելի մոտ լինելու սահմանին տեղի ունեցող հանդիպումը, պարզ չէ, սակայն հստակ է, որ սահմանի հատվածը, որտեղ տեղի է ունենալու հանդիպումը, մոտ է խաղաղության պայմանագրի շուրջ բանակցային գործընթացի ամենազգայուն թեմաներից մեկի՝ «անկլավների» թեմայի «ամենազգայուն» կետերից մեկին: Հայտնի է, որ հենց Տավուշի մարզում են այսպես կոչված անկլավներից երեքից երկուսը, իսկ մյուսը ինչպես հայտնի է համարվում է Տիգրանաշենը: Ինչ խոսք, խոշոր հաշվով, հատկապես հաշվի առնելով Ադրբեջանի դիրքորոշումները, զգայուն է Հայաստան-Ադրբեջան սահմանի ցանկացած հատված, սակայն այն, որ «անկլավների» հարցը օրակարգում է եւ այն իհարկե խիստ զգայուն հարցերից մեկն է, գործնականում ընդունվում է պաշտոնապես: Ընդ որում, առերեւույթ որեւէ կապ չունեցող, սակայն բոլոր դեպքերում բավականին ուշագրավ մի տեղեկություն նախորդել է սահմանային հանդիպմանը:
«Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, Տավուշի մարզում զինվորական դատախազության նստավայրի տեղակայման հետ կապված հարցեր քննարկելու նպատակով, նոյեմբերի 28-ին, ՀՀ զինվորական դատախազ, գլխավոր դատախազի տեղակալ Գրիգոր Էլիզբարյանի ուղեկցությամբ, այցելել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի N բանակային զորամիավորում», նախօրեին տեղեկատվություն տարածեց գլխավոր դատախազությունը: Ընդ որում, դրանում նաեւ նշվում է, որ դատախազ Աննա Վարդապետյանը եղել է նաեւ մարտական դիրքերում, շփվել մարտական հերթապահություն իրականացնող սպաների ու զինվորների հետ: Նախ, ինքնին հետաքրքիր է Տավուշում զինվորական դատախազության նստավայր հիմնելու որոշումը: Դրանից բացի ուշագրավ է, որ այդ որոշումը քննարկելու համար գլխավոր դատախազն է այցելում մարզ, եւ դրանից բացի, այսինքն քննարկումներից բացի, նա որոշում է լինել մարտական դիրքում: Դա զուտ հետաքրքրությու՞ն է, այցը արարողակարգային իմաստով հարստացնելու քա՞յլ, թե՞ այդուհանդերձ իրականացվող աշխատանքի համար անհրաժեշտ որոշակի «ծանոթագրում», գուցե՝ ընդհուպ այսօր կայանալիք հանդիպման համար հայկական կողմի դիրքորոշումների եւ փաստարկների ուղղությամբ աշխատանքի նկատառումով:










































