ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի վարչապետի եւ Ադրբեջանի նախագահի հետ, ինչպես հայտնել է պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը: Ըստ Միլլերի, Բլինքենն Ալիեւի հետ զրույցում նրան շնորհակալություն է հայտնել Հայաստանի հետ խաղաղության «ամուր եւ ներկայացուցչական» պայմանագիր կնքելու պատրաստակամության համար: Բլինքենն ու Ալիեւը քննարկել են նաեւ երկկողմ հարաբերության հարցեր, շոշափելով անհանգստության պատճառներն ու զարգացման հնարավորությունները: Հայաստանի վարչապետի հետ զրույցում էլ, ըստ պետքարտուղարության խոսնակի, ԱՄՆ պետքարտուղարը վերհաստատել է ԱՄՆ աջակցությունը խաղաղության հասնելու գործընթացին, նաեւ Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջությանը, քննարկել է նաեւ երկկողմ հարաբերության ընդլայնմանն ուղղված ջանքը:
Բլինքենի հեռախոսազանգերը վկայում են, որ Վաշինգտոնը, կամ առնվազն պետքարտուղար Բլինքենը չեն թուլացնում ուշադրություն, չնայած մերձավորարեւելյան գոտում առկա իրավիճակին: Ընդ որում, հատկանշական է, որ ԱՄՆ պետքարտուղարը Երեւան եւ Բաքու զանգերը կատարում է ըստ էության Իսրայելի ճանապարհին, ուր պատրաստվում է այցելել բռննկված պատերազմից ի վեր արդեն չորորդ անգամ: Առանցքային հարցն իհարկե այն է, թե արդյո՞ք Բլինքենին հաջողվել է համոզել Բաքվին ընդունել Վաշինգտոնում կամ Բրյուսելում հանդիպելու առաջարկը: Ինչի՞ համար է Բլինքենը շնորհակալություն հայտնել Ալիեւին, ինչպես ասում է Մեթյու Միլլերը, եթե Ալիեւը հրաժարվեց մեկնել թե Բրյուսել, թե նաեւ Վաշինգտոն: Իհարկե Ադրբեջանը այդ հրաժժարումները բացատրում էր նրանով, որ Բրյուսելից եւ Վաշինգտոնից հնչել են այսպես ասած միակողմանի՝ Հայաստանի օգտին հայտարարություններ:
Բլինքենը փարատե՞լ է Ալիեւի այդ մտահոգությունը կամ գնահատականը, որ հետո շնորհակալություն է հայտնել խաղաղության համաձայնագիր կնքելու պատրաստակամության համար: Միեւնույն ժամանակ, ԱՄՆ պետքարտուղարի զանգերը հնչում են փաստորեն նոյեմբերի 30-ին Հայաստան-Ադրբեջան սահմանին սպասվող հանդիպումից առաջ, որ լինելու է սահմանազատման եւ սահմանագծման հարցերի հանձնաժողովների մակարդակով: Դրանից առաջ, հրաժարվելով Բրյուսելի եւ Վաշինգտոնի հանդիպումներից, Բաքուն Երեւանին առաջարկել էր հանդիպել «պետական սահմանին» եւ այնտեղ քննարկել խաղաղության գործընթացի հեռանկարները: Երեւանը արեց «պատասխան» հայտարարություն, ասելով, որ ադրբեջանական կողմին առաջարկել է սահմանին անցկացնել սահմանազատման եւ սահմանագծման հանձնաժողովների հանդիպում: Պետքարտուղար Բլինքենի զանգերն այդ առնչությամբ եղել են «հետախուզակա՞ն», թե՞ «առաջնորդող»:









































