Վաղը Facebook-ում հայհոյելը խնդիր է լինելու: Այսօր «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց բլոգոսֆերայում հայտնի բլոգեր Ռուբեն Մուրադյանը` անդրադառնալով սոցիալական ցանցերում վերահսկողություն իրականացնելու վերաբերյալ ԱՊՀ որոշմանը:
Բլոգերի կարծիքով` սա ճիշտ որոշում է, որովհետև կա մեկ պարզ իրողություն` ինտերնետում կարելի է տարածել ապօրինի տեղեկատվություն` օրենքը, մարդու իրավունքները խախտող: «Սրա դեմ պետք է, իհարկե, պայքարել, որը դատախազների գործն է: Եթե ինտերնետում զրպարտություն է տեղադրված, դրա դեմ պետք է ինչ-որ կերպ պայքարել: Դատախազներն ունեն շատ լավ գործիք` Քրեական օրենսգիրքը և կարող են ուղղորդվել դրանով: Եթե որևէ մեկը խախտել է մյուսի իրավունքը, դատախազությունը, ոստիկանությունը պետք է զբաղվեն այդ հարցով»,- մեկնաբանեց Ռ.Մուրադյանն` ասելով, որ դատախազությունը լավագույնը, ինչ կարող է անել՝ դա քրեական գործ հարուցելն է:
Նրա փաստմամբ` սոցցանցերում վերահսկողություն իրականացնելն անհնար է, դատախազները կարող են միայն քրեական գործ հարուցել, եթե ինչ-որ մի բան հայտնվի: «Սոցցանցերը հանցագործության նոր միջավայր են: Եթե մենք նախկինում չունեինք հանցագործությունների ինտերնետային միջավայր, հիմա այն արդեն կա»,- ասաց Ռ.Մուրադյանը`շարունակելով, որ այդ ամենը դժվարեցնում էր նաև հանրային խոսքը: «Այսինքն` եթե նախկինում որևէ մեկին վիրավորելու համար պետք էր դուրս գալ հանրային մի վայր և վիրավորել, հիմա դա կարելի է անել սոցցանցերում: Հանրային խոսքը սահմանափակ էր, իսկ հիմա`ոչ: Եթե վաղը որևէ մեկը Facebook-ում հայհոյեց, դա լինելու է խնդիր: Այստեղ ամենակարևորը, որ դատախազությունը և ոստիկանությունը հասկանան, թե ինչպես պայքարել»,- իր խոսքը եզրափակեց հայտնի բլոգեր Ռուբեն Մուրադյանը:










































