Երևանի քաղաքապետարանի և «Ժպտա Երևա» ծրագրի համատեղ նախաձեռնության առաջին նախագիծը` Մարտիրոս Սարյանի «Իմ բակը» կտավի խճանկար-պաննոն, բացվեց Մոսկովյան 36 հասցեում:
Բնակելի շենքի կողային ճակատին ամբողջությամբ պատկերված է Վարպետի 1923 թվականին ստեղծած կտավի գունագեղ խճապատկերը: Անվանի արվեստագետների, ճարտարապետների և ձեռներեցների ստեղծած «Ժպտա Երևան» ծրագրի աշխատանքային խումբը 3 ամիս առաջ էր քաղաքապետարանին առաջարկել շենքերի ճակատային հատվածի նորոգման ինքնատիպ լուծումն ու ստացել քաղաքապետարանի տեխնիկական ու մասամբ ֆինանսական աջակցությունը:
«Ժպտա Երևանի» հեղինակները նշել են, որ ծրագիրն ունի թե՛ գեղագիտական, թե՛ ռազմավարական նշանակություն. քաղաքը գեղեցկացնելով՝ երևանցիներին ու մայրաքաղաքի հյուրերին է ներկայացվում հայկական կերպատվեստը:
«Մինչ շենքերի խճանկարապատումը նախ արվեստագետների խումբն առաջարկում և քննարկում է էսքիզները: Ընտրվում է այն պատկերը, որը տեղանքի հետ համահունչ թեմատիկա կամ մասշտաբային ճիշտ լուծման հնարավորություն ունի:
Այդուհետ, քաղաքապետարանի հաստատումից հետո, սկսվում է խճանկարի հավաքման աշխատանքը: Սա առաջինն է, բայց վստահեցնում եմ, որ վերջինը չի լինի, առավել ևս, որ շենքերի անհրապույր ֆասադներ շատ կան մայրաքաղաքում»,- ընդգծել է Երևանի գլխավոր դիզայներ Գագա Ամատունին:
Սեպտեմբերին կավարտվեն նաև Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց խաչմերուկում Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանի և Տպագրիչներ-Հանրապետության փողոցների խաչմերուկի բնակելի շենքերի խճանկար-պաննոների հավաքման աշխատանքները:










































