ԱՄՆ փոխպետքարտուղար Օ՛Բրայանը, խոսելով Ադրբեջանի հետ հարաբերությունների մասին, շեշտել է, որ դրանք չեն կարող նախկին մակարդակի եւ որակի լինել սեպտեմբերի 19-ից հետո: Բաքվի մամուլի հրապարակումներից մեկում հստակ արձանագրված է, որ հայ-ադրբեջանական բանակցությունների վաշինգտոնյան հարթակում ամերիկյան կողմը պնդել է Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության անվտանգության եւ իրավունքների երաշխիքների անհրաժեշտությունը եւ «նույնիսկ փորձ է արել դա ներառնել պայմանագրի նախագծում, ինչը կնշանակեր որոշակի կարգավիճակի ամրագրում»:
Այսպիսով, ԱՄՆ փոխպետքարտուղարը գրեթե բաց տեքստով հիմնավորել է Բաքվի նկատմամբ Վաշինգտոնի անվստահությունը, ալիեւյան քարոզչությունը՝ սեպտեմբերի 19-ի ահաբեկչության եւ հարյուր հազար հայ մարդու բռնատեղահանության բուն շարժառիթը. դա արվել է, որպեսզի ԼՂ եւ նրա կարգավիճակի մասին որեւէ քննարկում այլեւս չկայանա, ինչը տարածաշրջանային երկրներն ընդունել են: Խոսքն, իհարկե, առաջին հերթին Թուրքիայի եւ Ռուսաստանի, ինչպես նաեւ Իրանի մասին է:
ԱՄՆ Կոնգրեսում «Լեռնային Ղարաբաղի ապագան» լսումներին Ադրբեջանի ԱԳՆ արձագանքում «Ազատության աջակցության» Ակտի 907-րդ ուղղումը վերստին կիրառելու որոշման վերաբերյալ օգտագործված է Ադրբեջանի «նկատմամբ չարամիտ (ռուսերեն տեքստում, համենայն դեպս, այդ բառն է) քայլ» բնորոշումը: Դիվանագիտական խոսույթում սովորաբար գործածվում է «ոչ բարեկամական» ստանդարտ ձեւակերպումը: Բաքուն ինչու՞ է դիմել «չարամիտ» ածականի օգնությանը:
Միացյալ Նահանգների կողմից ցուցաբերվող ֆինանսական օգնությունը Բաքվի ռազմական ծախսերի համեմատ ներշնչող չէ, ավելի շատ քաղաքական աջակցության իմաստ ունի: Դադարեցնել այն, նշանակում է ինչ-որ իմաստով ազդակ հղել դաշնակից երկրներին: Բայց ամենակարեւորն այն է, որ 1992թ. 907-րդ ուղղումն ընդունվել է այն ժամկետի համար, քանի դեռ Ադրբեջանը չի դադարեցնի Հայաստանի շրջափակումը եւ Լեռնային Ղարաբաղի դեմ հարձակումը: Քաղաքական իմաստով դա նշանակում է, որ ԱՄՆ-ը Ադրբեջանին ճանաչել է ագրեսոր պետություն: Վերահաստատել դա, ինչպես փոխպետքարտուղարն է հաստատել՝ հաշվի առնելով սեպտեմբերի 19-ից հետո ստեղծված իրավիճակը, նշանակում է Ադրբեջանի բոլոր գործողությունները, որ նախորդել եւ հաջորդում են Արցախում, ճանաչել ապօրինի, միջազգային իրավունքին հակասող, ոչ լեգիտիմ:
Բայց ավելի կարեւոր է փորձել հասկանալ, թե ի՞նչ հաշվարկով է Բաքուն կոշտ հակադարձում Վաշինգտոնին: Դա ներքաղաքական ազդա՞կ է, որպեսզի հանրությունը չկասկածի Ալիեւի «ամենակարողությանը»: Կամ, գուցե, Թուրքիա՞ն է ադրբեջանական «ըմբոստությամբ» միջնորդավորում Միացյալ Նահանգների հետ իր բարդ հարաբերությունները կամ էլ Մոսկվա՞ն է հաշիվ պահանջում Արցախում իր, մեղմ ասած, անգործության դիմաց: Մոսկվան եւ Անկարան սպասում են ԱՄՆ նախագահական ընտրություններին եւ ակնհայտորեն սատարում են ոչ թե Հանրապետական կուսակցությանը, այլ՝ անձամբ նախկին նախագահ Թրամփին, որի կառավարման վերջին ամիսներին էլ տեղի ունեցավ քառասունչորսօրյա պատերազմը:
Ըստ այդմ, չափազանց էական է կանխատեսել՝ Լեռնային Ղարաբաղի հարցում Միացյալ Նահանգների շահագրգռվածությունը կոնյունկտուրայի՞ն է, պայմանավորված է միայն Ռուսաստանի միջնորդությունը հեղինակազրկելու սույնրոպեական մղումով, թե՞ ներգրվում է պետական քաղաքականության, նոր աշխարհակարգի ամերիկյան հայեցակարգին, եւ վարչակազմի փոփոխությունը հարցը չի հանելու օրակարգից: Նոյեմբերի 15-ի լսումները նախաձեռնել է հանրապետական կոնգերսականը: Դա ի՞ր մոտեցումն է, թե՞՝ Հանրապետական կուսակցության:









































