ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանի գնահատականներով՝ ներկայումս Հայաստանում աղքատությունը շուրջ 37% է: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ՀՀԿ-ական պատգամավորը կարծիք հայտնեց, որ գնաճը զսպելու ուղղությամբ կառավարության գործադրած ջանքը պայքար է աղքատության դեմ:
«Քանի որ գնաճի դեմ պայքարը իրականում կատարվում է ճիշտ սկզբունքով, և գնաճը զսպված է, սա լուրջ լծակ է աղքատության դեմ պայքարելու և աղքատությունը չշատացնելու համար: Գնաճի զսպումը հենց աղքատության շեմի աճի զսպումն է»,- նշեց Հ. Հակոբյանը:
2010 թ. վերջին ՀՀ-ում աղքատությունը 34% էր՝ 2008 թ. 27%-ի փոխարեն: Այս տարվա ցուցանիշները կամփոփվեն տարեվերջին:
2009 թ. ՄԱԿ-ի իրականացրած հետազոտության համաձայն՝ երկրում ընտանիքների 50.3%-ի եկամուտները ցածր էին 50 հազ. դրամից, 86%-ինը`մինչև 100 հազ. դրամ էր, իսկ 100-150 հազ. դրամ եկամուտ ունեցող ընտանիքները կազմում են 9.7%, 150-200 հազ. դրամ եկամուտը`3.3%, 200 հազ. դրամ և ավելի եկամուտը՝ 1.2%: Ընդ որում, ցածր եկամուտ ունեցող ընտանիքների բյուջեի 38%-ը կազմում են պետական սոցվճարները, իսկ ահա աշխատավարձը ընդհանուր եկամուտներում միայն 21%-ն է:








































