Արդարադատության միջազգային դատարանը նոյեմբերի 17-ին կհրապարակի իր որոշումը՝ Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման միջազգային կոնվենցիայի շրջանակներում քննվող Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով՝ Հայաստանի ներկայացրած ժամանակավոր միջոց կիրառելու մասին խնդրանքի հարցով: 44-oրյա պատերազմից հետո հաջորդած երեք տարիներին ՄԱԿ միջազգային դատարանը, Մարդու իրավունքի եվրոպական դատարանը կայացրել են Ադրբեջանի դեմ մի շարք վճիռներ, բավարարելով Հայաստանի հայցերը:
Սակայն, այդ վճիռները գործնականում որեւէ կերպ չեն փոխել իրերի դրությունն ու Բաքվին չեն խանգարել շարունակել ագրեսիան եւ ի վերջո հասնել Արցախի էթնիկ զտման, հայաթափման: Ամենից հնչեղը իհարկե ադրբեջանական բլոկադայի դեմ Հաագայի դատարանի վճիռն էր, որն այդպես էլ մնաց թղթի վրա: Ի՞նչ կփոխի նոր վճիռը, մի կողմից բարդ է ասել, մյուս կողմից սակայն հաշվի առնելով նախորդները, կարող ենք եզրակացնել կամ «կռահել»՝ չի փոխի ոչինչ:
Գլխավոր գործոնն այստեղ երկուսն են: Նախ, այսօր ըստ էության միջազգային կառույցներն ու միջազգային իրավունք ասվածը վերածվել է բացարձակ ֆորմալության եւ չկա դե ֆակտո գործող միջազգային կարգ, ամեն ինչ հանգում է ուժի, եւ մյուսը՝ ուժերի հարաբերակցությունն այսօր այնպիսին է, որ Հայաստանն ի վիճակի չէ թեկուզ այդ դաշտում կապիտալիզացնել միջազգային վճիռները: Այդուհանդերձ, իհարկե ասել, որ դրանք ավելորդ եւ անպետք են, բոլորովին պետք չէ: Ավելին, պետք է աշխատել միջազգային վճիռներ ու եզրահանգումներ, այլ կերպ ասած՝ իրավա-քաղաքական հնարավորինս տարողունակ եւ ուժեղ թղթապանակ ստանալու համար:
Աշխատել սակայն ոչ թե պատրանքով, որ մի օր այդ թղթերը կստանան ուժ եւ կազդեն Բաքվի վրա, այլ աշխատել պետական կառավարման այն հաշվարկով, պետական-հասարակական օրգանիզմի համալիր, լայն արդիականացման այն նպատակադրումով եւ արդյունավետության գործակցի ձգտմամբ, որի շնորհիվ Հայաստանը մի օր ինքը կուտակի այդ թղթերի քաղաքական կամ ռազմա-քաղաքական կապիտալիզացիայի բավարար ուժ, դառնա այդպիսի ներուժի կրող, հետեւաբար նաեւ այնպիսի կշռով քաղաքական սուբյեկտ, որն ինքը ուժկտա այդ միջազգային թղթապանակին:









































