Տաշքենդում գումարվել է Տնտեսական համագործակցության կազմակերպության գագաթնաժողով: ՏՀԿ-ն հիմնադրել են Թուրքիան, Իրանը եւ Պակիստանը: ԽՍՀՄ փլուզումից հետո կազմակերպությանը միացել են Ադրբեջանը եւ Կենտրոնական Ասիայի երկրները: Կազմակերպության անդամ բոլոր պետություններն, այսպիսով իսլամադավան են եւ բնական է, որ Տաշքենդում քննարկված հարցերից ամենակարեւորը Գազայում իրավիճակն էր: Առավել սուր գնահատականներ հնչել են Թուրքիայի եւ Իրանի նախագահների ելույթներում, բայց էական է, որ նրանք նաեւ առանձին հանդիպում են ունեցել, որի ընթացքում քննարկել են Իսլամական համագործակցության կազմակերպության խորհրդաժողովի անցկացման եւ կայացվելիք որոշումների հետ կապված հարցեր:
Իրանի նախագահը չափազանց սուր հայտարարություն է արել՝ ասելով, որ Պաղեստինին աջակցությունը պատիվ է ցանկացած պետության համար, իսկ նրանք, որ պաշտպանում են Իսրայելին, աշխարհի ամենաստոր գոյությունն են: Պաղեստինի խնդիրը նա ձեւակերպել է որպես ամբողջ իսլամական աշխարհի հարց եւ հույս հայտնել, որ Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքում Իսլամական համագործակցության կազմակերպության խորհրդաժողովը կընդունի գործնական որոշումներ: Ավելի վաղ Սաուդյան Արաբիայում կայացել էր ԻՀԿ անդամ երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպում, որտեղ, սակայն, որեւէ որոշում չի ընդունվել:
Տաշքենդում կայացել է նաեւ Իրանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը, որի առանցքային պահը Իլհամ Ալիեւի կողմից արված դիտարկումն է, թե արտատարածաշրջանային որոշ ուժեր փորձել են խաթարել իրանա-ադրբեջանական հարաբերությունները, բայց նրանց մոտ ոչինչ չի ստացվել: Իրան-Ադրբեջան լարվածությունը մշտապես կապված է եղել Իսրայելի եւ Ադրբեջանի համագործակցության նկատմամբ պաշտոնական Թեհրանի անհանգստությունների հետ: Ալիեւի հայտարարությունը, կարծես, Իրանի նախագահի կողմից բարձր է գնահատվել: Նա փոխադարձաբար ողջունել է «երկսր տարիներ հետո Ղարաբաղի վերադարձը իր իսկական տարածք»:
Խոսելով Արաքսի հարավային ափով երկաթուղային եւ ավտոմոբիլային հաղորդակցության համատեղ նախագծի մասին, Իլհամ Ալիեւը այն համարել է Հյուսիս-հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի մաս: Խոսքը Ռուսաստան-Իրան –Պարսից ծոց-Հնդկաստան միջանցքի մասին է, որը, ինչպես Ադրբեջանի նախագահն է ասել, կունենա երկու երթուղի՝ Աստարայով եւ Աղբենդով: Ալիեւը չի խոսել Իրանի տարածքով Նախիջեւանի հետ կապվելու մասին: Ադրբեջանի արեւմտյան շրջաններ-Նախիջեւան հաղորդակցությունը կարեւորել է Թուրքիայի նախագահ Էրդողանը, որ իրեն թույլ է տվել այսպես կոչված «միջին միջանցքի» այդ հատվածի գործարկումն անվանել «Ադրբեջանի հանդեպ Հայաստանի պարտավորություն»:
Կարեւոր է դիտարկել, որ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան իր հերթին ավանդական ճեպազրույցի ընթացքում հայտարարել է, որ Ադրբեջան-Նախիջեւան հաղորդակցության հսկողությունը, համաձայն նախկինում ձեռք բերված պայմանավորվածության, պետք է իրականացնեն ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ ուժերը: Պատահակա՞ն է, որ Թուրքիայի նախագահ Էրդողանը վերստին բացում է «միջին միջանցքի» թեման, Իլհամ Ալիեւը՝ խոսում Ադրբեջանի տարածքով Ռուսաստան-Իրան հաղորդակցության երկու երթուղիների, իսկ ՌԴ ԱԳՆ խոսանկը՝ Հայաստանի տարածքում ԱԴԾ սահմանապահ ուժերի հսկող գործառույթի անհրաժեշտության մասին: Հայաստանի արտգործնախարարությունը եւս մեկ անգամ պարզաբանել է, որ Երեւանը նման պարտավորություն երբեք չի ստանձնել, Հայաստանի տարածքում երրորդ երկիրը չի կարող հսկողություն իրականացնել:
Ի՞նչ ընտրություն կանի Իլհամ Ալիեւը: Ադրբեջանը Իսլամական համագործակցության կազմակերպության անդամ է, բայց եւ՝ Իսրայելի առեւտրա-տնտեսական ու ռազմաքաղաքական գործընկեր: Արդյոք քաղաքական իսլամը կունենա հարավ-կովկասյան անդրադարձ:









































