Թուրքական լրատվամիջոցները հայտնում են, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին Անկարայի օդանավակայանում ոչ մի բարձրաստիճան պաշտոնյա չի դիմավորել: Այցի նախօրեին Թուրքիայում կազմակերպվել են զանգվածային ցույցեր, ցուցապաստառներից մեկը «Բլինքեն, դու մանկասպան ես» գրությամբ էր: Մամուլն ուշադրություն է դարձել տեսագրությանը, որտեղ Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանը պարզորոշ խուսափում է Բլինքենի հետ գրկախառնությունից եւ բավարարվում արարողակարգային ձեռքսեղմումով: Ֆիդան-Բլիքեն բանակցությունները նախ դեմ առ դեմ, ապա պատվիրակությունների կազմով տեւել են երկուսուկես ժամ:
Դիտորդներն առանձնակի ուշադրություն են դարձել փաստին, որ բանակցություններից հետո համատեղ մամուլի ասուլիս չի կազմակերպվել: Առանձնակի հետաքրքրության տեղիք է տվել Հաքան-Բլինքեն դեմ առ դեմ բանակցություններից լուսանկարը, որտեղ սեղանի «թուրքական» հատվածում նկատվել է Երուսաղեմի Ալ-Ակսա մզկիթի մանրակերտը՝ կիսալուսնի խորհրդանշանով հանդերձ: Ի՞նչ են քննարկել կողմերը՝ առայժմ որեւէ տեղեկատվություն հայտնի չէ: Ըստ երեւույթին, ԱՄՆ պետքարտուղարի հանդիպում Թուրքիայի նախագահի հետ ծրագրված չէ:
Բանակցություններից հետո Էնթոնի Բլինքենի միակ հայտարարությունը, որ փոխանցել են թուրքական լրատվամիջոցները, Գազայի հատվածում պահվող պատանդների մասին է: Պետքարտուղարն ասել է, որ ՆԱՏՕ-ի անդամ բոլոր երկրները պետք է աջակցեն նրանց ազատ արձակմանը: Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է: Եւ եթե ԱՄՆ պետքարտուղարը նման միտք հնչեցրել է Անկարայում, Հյուսիս-ատլանտյան դաշինքի անդամ երկրի արտաքին գործերի նախարարի հետ երկուսուկես ժամ տեւած բանակցություններից հետո, ապա, թերեւս, ենթադրելի է, որ նա փորձել է պատանդների ազատ արձակման հարցում հասնել Թուրքիայի միջամտությանը, բայց Անկարան միանշանակ աջակցություն չի հայտնել:









































