Վերջերս Հունաստանում տնտեսական լրջագույն խնդիրները հարուցել են մի շարք կասկածներ առ այն, որ նրան կարող են դուրս թողնել մի շարք միջազգային պայմանագրերից: Եվրագոտու մասին խոսակցությունները նախօրեին փարատել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, սակայն այսօր The Financial Times-ը գրում է, որ Հունաստանին կարող են դուրս մղել Շենգենի գոտուց: Ինչպես հայտնի է դարձել թերթին, Եվրամիության պաշտոնյաները քննարկում են մի մեխանիզմ, որը թույլ կտա դադարեցնել այդ պետության մասնակցությունը Շենգենյան պայմանագրին: Նշվում է, որ այս քայլով Եվրամիությունը հստակ ուղերձ է հղում Հունաստանին, որով կասկածի տակ է դնում այդ պետության կարողությունները՝ պաշտպանելու գոտու արտաքին սահմանները:
Թերթը գրում է, որ համաձայն այդ փոփոխությունների` մեխանիզմներ են ստեղծվում, որպեսզի ծայրահեղ իրավիճակում խնդրահարույց երկրներին դուրս հրավիրեն այդ գոտուց: 2010 թ. Եվրամիության տարածք անօրինական մուտք գործած 104 հազար ներգաղթյալներից 88 հազարը սահմանը հատել են Հունաստանում, չնայած այն հանգամանքին, որ Եվրամիությունը Հունաստանի սահմանը պաշտպանելու համար հատկացրել է 350 միլիոն եվրո:








































