Ռուսական Regnum լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ուկրաինական լրատվամիջոցներին տված հարցազրույցի ժամանակ անդրադարձել է սեպտեմբերի 11-ի ահաբեկչությանը և ռուս-վրացական հարաբերություններին.
«2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից հետո աշխարհը շատ է փոխվել և որոշակի իմաստով՝ դեպի վատը։ Սեպտեմբերի 11-ից հետո ԱՄՆ-ը ստիպված եղավ Ռուսաստանին դիտարկել որպես հակաահաբեկչական կոալիցիայի գծով իր դաշնակցի՝ միաժամանակ թուլացնելով նրան ու խաղալով նրա հետ։ Միջազգային քաղաքականության կենտրոնը փոխվել է, ԱՄՆ-ը սկսել է գործել այլ մոդելով, ոչ նրանով, որով գործում էր ԽՍՀՄ-ի փլուզումից ու «Սառը պատերազմից» հետո։
Աշխարհում ամեն ինչ փոխկապակցված է, սակայն ոմանք երբեմն լրջորեն կտրվում են համաշխարհային կոնտեքստից։ Դրա վառ օրինակը Ռուսաստանի կողմից Վրաստանի վրա հարձակվելնու նրա տարածքների օկուպացումն էր։
Հելսինկյան և նմանատիպ համաձայնագրերից հետո նշվում էր, որ 20-րդ դարում բոլորը պայմանավորվել են սահմանների անխախտության մասին, և բոլորը վստահ էին, որ փոքր երկիրը պաշտպանված է այնպես, ինչպես մեծ երկիրը։ Ոչ ոք չէր կարող պատկերացնել, որ 21-րդ դարում մեծ երկիրը կարող է հարձակվել փոքր երկրի վրա և փորձել ուժի միջոցով փոխել նրա սահմանները։
Ես կարծում էի, թե դա մնացել է անցյալում, սակայն այդպես չէ։ Այդպիսի քայլեր կարելի է ակնկալել նաև ապագայում, սակայն ես լավատեսորեն եմ տրամադրված, քանի որ դա «կոնտեքստից դուրս» է»։
Հիշեցնենք, որ ռուս-վրացական հնգօրյա պատերազմը տեղի է ունեցել 2008 թվականի օգոստոսի 7-12-ը։





































