Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Գեղհովիտ գյուղում ՀՀ կառավարության կողմից 2023 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում կառուցվել է արտաքին լուսավորության ցանց։
Ինչպես տեղեկացրին Մարտունու համայնքապետարանի աշխատակազմից, Գեղհովիտի արտաքին լուսավորության ցանցի կառուցման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 2 միլիոն 628 հազար դրամ, որի 60 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։
Ծրագրով նախատեսվել է արտաքին լուսավորության ցանցի կառուցում Գեղհովիտի 1-ին փողոցի 3-րդ նրբանցքում, 2-րդ փակուղում, 5-րդ փողոցի 7-րդ նրբանցքում ու 54-րդ փակուղում, 7-րդ փողոցում՝ 700 մետր երկարությամբ, ԼԵԴ համակարգով աշխատող 27 լուսատուների տեղադրմամբ։
Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2023 թվականի սեպտեմբերից և ավարտվել արդեն հոկտեմբերին։
Աշխատանքներն իրականացրել են «Արս Մել Էներգո» ՍՊԸ շինարարները։








































