Երեկ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Բայրամովը հանդիպումներ է ունեցել Իրանի, Հայաստանի եւ Թուրքիայի պաշտոնակիցների հետ, արժանացել Իսլամական Հանրապետության նախագահի ընդունելությանը, քննարկումների եւ ընդունված Հայտարարության շուրջ անձամբ կամ իր ղեկավարած գերատեսչության որեւէ պաշտոնյայի, կամ մամուլի ծառայության միջոցով վերապահում չի հնչեցրել: Բայց ադրբեջանական բոլոր լրատվամիջոցները Թեհրանի հնգակողմ Հայտարարության առաջին եւ ըստ էության ամենաէական կետից սահմանների անխախտելիության պարտադիր հարգման սկզբունքը դուրս են թողել:
Ադրբեջանի պարագայում լրագրողական ինքնագործունեությունը բացառվում է, Բայրամովի գլխավորած ԱԳՆ-ի լռությունը՝ վկայում, որ տեղեկատվական այդ հնարքը կիրառվում է իշխանության ամենաբարձր մակարդակի հրահանգով: Իլհամ Ալիեւը մինչ այժմ Հայաստանի տարածքային ամբողջականությունը 29,8 հազար քառակուսի կիլոմետր ընդգրկմամբ ճանաչելու մասին հայտարարություն չի արել: Թեհրանում հնգակողմ բանակցությունների օրը Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Միյատովիչը Բաքվում հանդիպել է «Արեւմտյան Ադրբեջան» ՀԿ ներկայացուցիչներին: Նրանք խնդրել են ապահովել իրենց «Հայաստան վերադառնալու իրավունքի իրացմանը»: Սա անուղղակի վկայություն է, որ Ադրբեջանը չի դադարում տարածքային նկրտումներ ունենալ Հայաստանի հանդեպ:
Բայց ավելի ուշագրավ է Թեհրանում բանակցությունների ավարտին Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Լավրովի այն հայտարարությունը, որ ղարաբաղյան հակամարտությունը սկզբունքորեն կարգավորված է, մնում է կենտրոնանալ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման, տնտեսական եւ կոմունիկացիոն անխոչընդոտ կապերի հաստատման վրա: Թեհրանի հնգակողմ բանակցություններին նախորդել է Ռուսաստանի եւ Ադրբեջանի արտաքին նախարարների հեռախոսազրույցը, որի ընթացքում կողմերը, ըստ պաշտոնական հաղորդագրության, ճշտել են մոտեցումները:
Ըստ երեւույթին, Մոսկվա-Բաքու դիրքորոշումների ճշտումը վերաբերում է հենց Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատմանը, ինչի մասին ԱՊՀ Բիշքեկի գագաթաժողովից հետո Ռուսաստանի նախագահը չափազանց վտանգավոր հայտարարություն է արել, թե «մի կիլոմետր՝ այս կողմ, հարյուր մետր՝ այն կողմ, սկզբունքային չէ, տեխնիկական խնդիր է»: 2021թ մայիսին եւ 2022թ. սեպտեմբերին Ադրբեջանը Հայաստանի դեմ ագրեսիայի է դիմել եւ առ այսօր ավելի քան 150 քառակուսի կիլոմետր հայկական ինքնիշխան տարածք պահում է բռնազավթման տակ:
Թեհրանի հնգակողմ հայտարարության տեքստից սահմանների անխախտելիության սկզբունքի ադրբեջանական անտեսումը եւ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի պնդումը, որ առաջին քայլով պետք է իրականացվի հայ-ադրբեջանական սահմանազատում, իհարկե՝ Վլադիմիր Պուտինի կողմից հնչեցրած «սկզբունքով» վկայում է, որ Հայաստանի տարածքային ամբողջականության վերաբերյալ Մոսկվայի եւ Բաքվի դիրքորոշումը համաձայնեցված է: Այն է՝ ամեն ինչ կճշտորոշվի սահմանազատումից հետո: Իհարկե՝ բացառապես Մոսկվայի «խորհրդատվական աջակցությամբ»:
Գրանադայի հանդիպման արդյունքներով հայտարարությունը հստակ արձանագրում է, որ Ադրբեջանի եւ Հայաստանի տարածքային ամբողջականությունը փոխադարձաբար ճանաչելի է ԱՊՀ կազմավորման Ալմաթիի Հռչակագրի քաղաքական հիմքով, իսկ սահմազատումը պետք է իրականացվի ԽՍՀՄ ԶՈՒ ԳՇ 1975թ. քարտեզով: Ադրբեջանը այդ քարտեզը մերժում է, Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը սահմանազատումն ,,անհապաղ սկսելու,, պատրաստակամություն հայտնելիս չի կոնկրետացրել, թե ի՞նչ քարտեզ պետք է հիմք ընդունվի: Ըստ էության, Թեհրանի հնգակողմ հայտարարությամբ կողմերը միայն քաղաքական պարտավորություն են ստանձնում: Ադրբեջանը բազմիցս խախտել եւ փաստացի չեղարկել է զինադադարի մասին համաձայնագիրը, դրանց հաջորդած եռակողմ հայտարարությունները:
Չկա որեւէ երաշխիք, որ Թեհրանի հայտարարությունը Բաքվի կողմից հարգվելու է: Մանավանդ խիստ զգաստացնում է, որ Թեհրանում Ռուսաստանի արտգործնախարարն է հնչեցրել այն, ինչ տարածքային ամբողջականության եւ սահմանների հարցում Բաքվի ռազմա-քաղաքական նպատակադրվածությունն է՝ ամեն գնով առնվազն ադրբեջանական վերահսկողության տակ պահել ագրեսիայի հետեւանքով Հայաստանից Ադրբեջանի վերահսկողությանն անցած բարձունքները եւ նպաստավոր բոլոր դիրքերը, Նախիջեւանի հետ ունենալ անխոչընդոտ, այսինքն՝ Հայաստանի իրավազորությունը բացառող կամ նվազագույնի հասցնող հաղորդուղի:
Անկասկած է, որ նույն նկրտումներն ունի նաեւ Թուրքիան: Այսօր այդ երկրի պաշտպանության նախարարը Բաքվում է, հետեւում է թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններին: Սա անակնկալ չէ: Աշխարհաքաղաքական նշանակության նորույթն այն է, որ այդ նպատակով Բաքվում են գտնվում Տաջիկստանի պաշտպանության նախարարը, Ուզբեկստանի փոխնախարարը, Ղազախստանի ռազմական գերատեսչության վարչության պետը: Փաստացի ՀԱՊԿ անդամ հանդիսացող հետխորհրդային երկու երկրի՝ Ղազախստանի եւ Տաջիկստանի ռազմական գերատեսչության պատասխանատուները հետեւում Ռուսաստանի կողմից արյան թշնամի ճանաչված ՆԱՏՕ-ի անդամ ագրեսիվ պետության՝ Թուրքիայի եւ նրա կցորդ Ադրբեջանի համատեղ զորավարժություններին: Մոսկվան չի արձագանքում իր սահմանների մոտ Հյուսիս-ատլանտյան դաշինքի մկանախաղերին: Թե Ռուսաստանի համար Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ չէ՞…










































