Լրագրողը Անդրանիկ Քոչարյանին հարցնում է՝ դուք պառակտո՞ւմ եք Արցախը: Խոսքը, հավանաբար, ներքաղաքական իրավիճակի մասին է: Բայց արդեն իսկ պառակտվածը ինչպե՞ս է հնարավոր պառակտել կամ ի՞նչ իմաստ ունի պառակտել: Եթե մի րոպե ընդունենք անգամ, որ սեպտեմբերի 1-ին Արայիկ Հարությունյանը իր կամքով է հրաժարական տվել, և փաստացի նրա գլխավորած խմբակցությունը միացել է խորհրդարանի ազգային-հայրենասիրական ուժերին՝ ապահովելով Սամվել Շահրամանյանին նախագահ ընտրելու նվազագույն բավարար քվեներ, ապա փաստը, որ Սամվել Բաբայանի «Միասնական հայրենիք» կուսակցությունը բոյկոտել է այդ ընտրությունը, հետագա իրադարձությունների համար պատասխանատվություն չի ստանձնել, պարզորոշ վկայում է, որ Արցախի ներքաղաքական դաշտը բռնատեղահանությունից առաջ արդեն իսկ պառակտված էր:
Խնդիրն այստեղ շատ խորքային է: Մասնավորապես, ինչո՞ւ հայաստանյան ինստիտուցիոնալ ընդդիմությունը կամ նրա մի թևը փորձում է տեղեկատվա-քարոզչական համապատկեր ստեղծել, թե Արցախում սեպտեմբերի 9-ի իշխանափոխությունը քաղաքական և, մանավանդ, հանրային համախոհության արտահատություն էր, իսկ դրան հաջորդած մեկօրյա ահաբեկչական պատերազմը, ՊԲ լուծարումը, զինաթափումը, սպառազինությունների հանձնումը, ի վերջո՝ ԼՂՀ լուծարումը անխուսափելի էին, այլընտրանք չկար: Հետքեր ջնջել հնարավոր չէ: Սեպտեմբերի 8-ին Արցախի նախագահի պաշտոնակատար Դավիթ Իշխանյանը և Անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Շահրամանյանը խորհրդարանի քաղաքական ուժերի ղեկավարների հետ խորհրդակցություն են անցկացրել և վերջին պահին հրավիրված Սամվել Բաբայանից պահանջել, որ հաջորդ օրը իր կողմնակիցներին հրապարակ չհրավիրի, քանի որ Արցախի ապագայի համար ամբողջական պատասխանատվություն իրենք են ստանձնում:
Բաբայանը պահանջին ենթարկվել է, նախատեսված հանրահավաքը չեղյալ է հայտարարել: Նախագահի ընտրությունները կայացել են, Սամվել Շահրամանյանը խոստացել է, որ Արցախը կունենա կարգավիճակ և Հայաստանի հետ ցամաքային անխափան կապ: Ի՞նչ երաշխիքներ է նա ունեցել, երբ այդ մասին ասել է ի լուր խորհրդարանի 22 պատգամավորի, Արցախի հանրության,-նրա ելույթը հեռարձակվել է տեղական հեռուստատեսության եթերում,- և, իհարկե՝ Ադրբեջանի ու շահագրգիռ երկրների իշխանությունների: Ինչո՞ւ Սամվել Բաբայանը չի հավատացել այդ երաշխիքներին, իսկ Արցախի երեք նախկին նախագահները, նախկին պետական նախարար Ռուբեն Վարդանյանը, չորս՝ ՀՅԴ, Արդարություն, ԱԺԿ և Ազատ հայրենիք (ՔՄԴ հետ դաշինքով հանդերձ) առաջնորդները հավատացել են: Սա արդեն իսկ պառակտում չէ՞ր:
Քաղաքական նույն դասավորվածությունն այսօր Երևանում է. Սամվել Շահրամանյանի աշխատանքային խորհրդակցությունների ձևաչափից Միասնական հայրենիքը դուրս է թողնված: Դժվար է ասել՝ հրավիրում են չի՞ մասնակցում, թե՞ բոյկոտը շարունակվում է, բայց դա բացառապես ներարցախյան իրողություն է: Ինտրիգը առկա իրավիճակում Հայաստանի իշխող կուսակցության ներկայացուցիչ Անդրանիկ Քոչարյանին և մյուսներին դերակատարություն վերագրելու ակնհայտ միտումն է: Նպատակը ո՞րն է: Ավելի ճիշտ՝ տրամաբանությունը, իմաստը: Արցախում իշխանափոխության և դրան հետևած ողբերգության համար պատասխանատվություն վերագրել նաև Սամվել Բաբայանին ու այդ ,,օղակով,, նաև Նիկոլ Փաշինյանի՞ն: Բայց չէ՞ որ նույն ընդդիմությունը, այդ թվում նաև նրա արցախյան կրեատուրան քառասունչորսօրյա պատերազմի պարտության պատասխանատու են ճանաչում միայն Նիկոլ Փաշինյանին: Նա էր իշխանություն:
Իսկ ո՞վ էր Արցախում իշխանություն սեպտեմբերի 10-ից: Ո՞վ էր շահարկում թեման, որ Նիկոլ Փաշինյանը Սամվել Շահրամանյանին չի շնորհավորել: Իսկ ո՞վ է շնորհավորել, ո՞ւմ ազդեցության քաղաքագետներն են անոնսավորել Արցախի հարցում մոտալուտ հայանպաստ զարգացումներ, ո՞վ էր Արայիկ Հարությունյանի հրաժարականի համար միայն ուրախ՝ ընդդիմության սեպտեմբերի 2-ի սակավամարդ հանրահավաքում: Հաստատ՝ ոչ Անդրանիկ Քոչարյանն էր, ոչ էլ Հայաստանի ԱԺ քաղաքական մեծամասնությունն է հաճույքից ձեռքերը շփել և հանրությանը մանիպուլացրել, որ Արցախի հարցը շուտով հայանպաստ հուն կմտնի: Ասե՞լ են, թող պատասխան տան, թե ինչո՞ւ ոչ միայն այդպես չեղավ, այլև կատարվեց ամենաողբերգականը:
Իսկ ստեղծված իրավիճակից հնարավոր ելքի փնտրտուքի շուրջ քննարկումները, ինչ ձևաչափով էլ որ լինեն, միայն նա կարող է «խարդավանք» գնահատել, ում ոչ մի կերպ ձեռնտու չէ Արցախում գրեթե մեկ տարի առաջ հյուսված խարդավանքի կծիկը ետ տալու և ներսի «բարաթը» բացահայտելու, համաարցախյան, համահայկական պահանջի բավարարումը: Իսկ դա խարդավանք է ոչ միայն Արցախի, այլև Հայաստանի ապագայի դեմ:








































