Ռուսաստանի պետդուման քվեարկել է միջուկային փորձարկումները դադարեցնելու մասին պայմանագիրը չեղարկելու որոշման օգտին: Հաջորդ քայլը պետք է անի Դաշնային խորհուրդը, որից հետո Ռուսաստանի նախագահը պաշտոնապես կստորագրի պայմանագիրը չեղյալ ճանաչելու մասին հրամանագիրը: Դաշնային ժողովից արդեն իսկ լրատվամիջոցներին ասել են, որ կողմ են միջուկային փորձարկումները դադարեցնելու մասին պայմանագրի չեղարկմանը:
Արևմտյան փորձագետների գնահատմամբ՝ Ռուսաստանը քաղաքական քայլ է անում, որպեսզի Միացյալ Նահանգները դադարեցնեն Ուկրաինային ռազմական, ֆինանսական և դիվանագիտական աջակցությունը: Մամուլի տեղեկացվածությամբ՝ պետդումայում կայացած քվեարկությունից տառացիորեն ժամեր անց ԱՄՆ-ն Նևադայում միջուկային փորձարկում է իրականացրել: Միջուկային փորձարկումները լիովին արգելելու մասին պայմանագիր ստորագրվել է 1996թ.-ին:
Միացյալ Նահանգները, Չինաստանը, Պակիստանը, Իսրայելը, Իրանը, Հյուսիսային Կորեան և Եգիպտոսը այդ պայմանագիրը չեն վավերացրել: Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռյաբկովը հայտարարել է, որ իր երկիրը պայմանագիրը չեղարկելուց հետո միջուկային փորձարկումներ կանի միայն Միացյալ Նահանգներից հետո: Անցած չորեքշաբթի Նևադայում ԱՄՆ իրականացրած «գիտա-գործնական պայթյունը» համարվո՞ւմ է միջուկային փորձարկում, թե՞ ոչ՝ այդ մասին Ռուսաստանի վերաբերմունքը դեռևս հայտնի չէ:
Հայտնի է սակայն, որ պաղեստինա-իսրայելական հակամարտության սրացման պատճառով Միացյալ Նահանգները Միջերկրական ծով է հասցրել երկու ավիակիր, ինչին ի պատասխան Ռուսաստանի նախագահը ռազմա-տիեզերական ուժերին հրամայել է օդ բարձրացնել ՄԻԳ 31 ինքնաթիռներ, որ գերձայնային «Կինժալ» հրթիռներ կարող են կրել: Այդ կարգի հրթիռներն ունակ են միջուկային մարտագլխիկներ «հասցնել» մինչև 1000 կիլոմետր հեռավորության թիրախներին: Ըստ էության, Սև ծովի օդային տարածքում մարտական շուրջօրյա հերթապահություն իրականացնող ռուսաստանյան օդուժը կարող է խոցել Միջերկրական ծովի արևելյան հատվածում գտնվող ամերիկյան ավիակիրները:
Անդրադառնալով նման հավանականությանը, Ռուսաստանի նախագահը հաստատել է ՄԻԳ 31 և «Կինժալ» հրթիռների հնարավորությունը և ասել. «Սա սպառնալիք չէ, պարզապես փաստի արձանագրում է»: Ուշագրավ է, որ թե Պուտնինի հայտարարությունը, թե Նևադայում ամերիկյան գիտա-գործնական անվանված պայթյունը ժամանակագրական առումով համընկնում են թուրքական մամուլի մի շարք հրապարակումներին, ըստ որոնց՝ նախագահ Էրդողանը բարձրաստիճան զինվորականների և հատուկ ծառայությունների ղեկավարների հետ քննարկում է երկրի տարածքում ամերիկյան ռադիոլոկացիոն կայանի հարցը:
Արևմտյան աղբյուրների փոխանցմամբ՝ դա ֆորմալ առումով ամերիկյան ռազմական օբյեկտ է, բայց փաստացի երաշխավորում է Իսրայելի անվտանգությունը բալիստիկ հրթիռներից: Ռուսաստանյան մամուլը, մինչդեռ, տեղեկացված է, որ ՆԱՏՕ-ի այդ ռադիոլոկացիոն կայանը մշտադիտարկում է նաև Ռուսաստանի հարավային տարածքները: Ամերիկյան երկու ավիակիրների ներկայությունը Միջերկրականի արևելյան հատվածում թուրքական մամուլը գնահատում է որպես Մերձավոր Արեևլքում Թուրքիային զսպելուն ուղղված քայլ:
Այսօր թուրքական ռազմաօդային ուժերի F-16 կործանիչների էսկադրիլիան վայրէջք է կատարել Ադրբեջանում: Հոկտեմբերի 23-25-ին նախատեսվում են համատեղ զորավարժություններ՝ «Մուստաֆա Քեմալ Աթաթուրք- 2023» պայմանական անվանմամբ: Դրանք կսկվեն Բաքվում, Նախջևանում և Արցախի բռնազավթված տարածքներում՝ միաժամանակ: Նույն օրը Իլհամ Ալիևը ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղակալին հավաստիացրել է, որ պատրաստ է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը, բանակցություննների շարունակմանը և խաղաղության պայմանագրի շուտափույթ ստորագրմանը: Բայց արդյոք հոկտեմբերի վերջին նախատեսվող՝ Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների բրյուսելյան հանդիպումը կկայանա՞…








































