Քառասունչորսօրյա պատերազմից հետո Փաշինյան-Ալիև առաջին հանդիպումը տեղի ունեցավ Մոսկվայում՝ 2021թ. հունվարի 12-ին: Միջնորդը, բնականաբար, Ռուսաստանի նախագահ Պուտինն էր: Երեք օր անց Իլհամ Ալիևը Շուշիում էր: Ընդգծենք՝ զինադադարից հետո առաջին անգամ: Դա ակնհայտ ազդակ էր, որ մոսկովյան բանակցություններում կամ դրան նախորդած ինչ-որ մի փուլում Մոսկվայի և Բաքվի միջև կայացել է սկզբունքային համաձայնություն: Հենց Շուշիից էլ Իլհամ Ալիևը հայտարարեց, որ չկա Լեռնային Ղարաբաղ, չկա կարգավիճակի հարց:
Հոկտեմբերի 12-ին Բիշքեկում տեղի է ունեցել Պուտին-Ալիև փակ հանդիպում, որից հետո Ռուսաստանի նախագահը հայտարարեց, որ «Ղարաբաղի հարցը փակված է»: Երեք օր անց Իլհամ Ալիևը հայտնվեց նախ բռնազավթված Մատաղիսում, ապա՝ Մարտակերտ քաղաքում, որտեղ, ինչպես և ամբողջ Արցախում հայ բնակչություն չի մնացել: Մարտակերտի շրջանային վարչակազմի մոտ Ալիևը բարձրացրել է իր երկրի դրոշը: Նույն օրը Ստեփանակերտում Արցախի նախագահի նստավայրը «զարդարվել է» Ադրբեջանի զինանշանով: Ամայի Մարտակերտում և Ստեփանակերտում, որտեղ համատեղ պարեկություն են իրականացնում Ադրբեջանի ուժային կառույցները և ռուս խաղաղապահները, իհարկե, ամեն ինչ հնարավոր է: Բայց այս ամենը տեղի է ունենում ՄԱԿ-ի արդարադատության դատարանում ընդդեմ Ադրբեջանի Հայաստանի ներկայացրած հիմնավոր հայցի քննարկման, ԵԽԽՎ-ում ալիևյան վարչախմբի ոճրագործությունները դատապարտող բանաձևի ընդունման և միջազգային այլ՝ միանգամայն արդարացի, արձագանքների համապատկերին: ԵԽԽՎ-ում Ռուսաստանը ճանաչվել է բռնապետություն:
ԱՄՆ պետքարտուղարությունը հայտարարել է, որ մտադիր չէ երկարաձգել Ազատության աջակցության օրենքի 907-րդ լրացումը շրջանցող և Ադրբեջանին ուղղակի աջակցություն արտոնող համաձայնագրի ժամկետը: Իսկ այդ լրացումը Միացյալ Նահանգների նախագահին արգելում է ռազմական օգնություն ցուցաբերել Ադրբեջանի կառավարությանը, քանի դեռ Ադրբեջանը չի ներկայացնի հստակ երաշխիքներ, որ դադարեցնում է շրջափակումները և ուժի կիրառումը Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ: Դա, իհարկե, գործնականում չի երաշխավորում Արցախի բռնատեղահանված բնակչության անվտանգ վերադարձը իր հայրենիք և, մանավանդ, նրա ազատ ապրելու իրավունքը, բայց փաստացի նշանակում է, որ Բայդենի կառավարությունը Արցախի դեմ ալիևյան վարչակազմի վերջին ռազմագործողությունը ճանաչում է որպես բռնություն, ագրեսիա:
Մինչդեռ Կրեմլի մամուլի խոսնակ Պեսկովը, այսինքն՝ Ռուսաստանի նախագահը, համարում է, որ Ալիևը գործել է, ուշադրություն՝ միջազգային իրավունքի շրջանակներում և իր ամբողջ տարածքի նկատմամբ վերահաստատել լիակատար ինքնիշխանություն: ԱՄՆ-ը կամ հավաքական Արևմուտքը, անկասկած, իրենց շահերն ունեն, որ սպասարկում են: Նույնը վերաբերում է նաև Ռուսաստանին: Տարբերությունը, սակայն, այն է, որ Արցախի ժողովրդի լիակատար բռնատեղահանությունը տեղի է ունեցել ՌԴ խաղաղապահ զորախմբի ներկայությամբ և լռելյայն համաձայնությամբ: Առնվազն:
և փաստ է, որ Արցախի նախագահի նստավայրի դիմաց Իլհամ Ալիևի մեկ դերասանի թատրոնը բեմադրվել է ԱՊՀ երկրների բիշքեկյան գագաթնաժողովից երեք օր հետո:







































