«ՀԱՊԿ-ի` սոցցանցերում վերահսկողություն իրականացնելը բավարար չէ բողոքի ալիքները ճնշելու համար»,- «Առաջին լրատվական»-ի այն հարցին, թե որքանով կճնշվեն բողոքի ալիքները սոցիալական ցանցերում ՀԱՊԿ-ի վերահսկողությունից հետո, այսպես պատասխանեց «Ռազմավարական քաղաքականություն» ակումբի և մի շարք քաղաքացիական նախաձեռնությունների անդամ Արթուր Ավթանդիլյանը: Նա մեկնաբանեց, որ այս կերպ ՀԱՊԿ-ն իր անդամ երկրներին փորձում է ինչ-որ կերպ ապահովագրել խոշոր բողոքի ալիքներից, ինչ-որ կերպ կայունությունն ապահովել՝ կանխարգելիչ միջոցառումների տեսքով:
Նշենք, որ ՀԱՊԿ-ը, որին անդամակցում է նաև Հայաստանը, պետք է հետևի սոցցանցերում տիրող զարգացումներին՝ թունիսյան և եգիպտական սցենարների կրկնությունը բացառելու նպատակով:
«Այս իրավիճակը երկու մասի պետք է բաժանել: Մի կողմից՝ հարցը սոցիալական ցանցերը չեն, քանի որ բողոքը սկիզբ չի առնում սոցցանցերում, այլ ` տարածվում: Խնդիրը ոչ թե բողոքի բուն պատճառները վերացնելն է, այլ հնարավորինս մեկուսացնելը»,- ասաց Ա. Ավթանդիլյանը` անհնարին համարելով անսպասելի բողոքի ակցիաներին համապատասխան վերաբերմունք ցուցաբերելը:
«Եթե ինչ-որ անսպասելի բան է առաջանում, շատ արագ ու շատ օջախային, շատ դժվար է դրան սիմետրիկ պատասխանելը, այսինքն` նույն օպերատիվությամբ, նույն մասշտաբով. գրեթե անհնարին է»,- մեկնաբանեց նա` ընդգծելով, որ սա հատկապես դժվար է ոչ այնքան էֆեկտիվ կառավարման համակարգ ունեցող երկրներում, որտեղ որ շատ ու շատ պետական կառույցներ կայացած չեն կամ ավտորիտար սկզբունքներով են կառավարվում, որտեղ կա կոռուպցիա, ոչ կոմպետենտություն և այլն:
Անդրադառնալով Հայաստանի սոցցանցերում ՀԱՊԿ-ի վերահսկողությանը` Ա. Ավթանդիլյանը նշեց, որ այս դեպքում բողոքի մոբիլիզացիայի համար սոցցանց պետք չէ. «Բավական է, որ Երևանի կենտրոնում ինչ-որ մի աղմուկ բարձրանա, փոքր երկիր է, բոլորը բոլորին ճանաչում են, տեղեկատվությունը շատ արագ է տեղից տեղ շարժվում, Հայաստանի դեպքում դա խնդիր չէ»:
Խոսելով սոցցանցերում տարածվող բողոքների դրական և բացասական կողմերից` նա վերլուծեց, որ շատ ողջունելի է, որ Հայաստանի քաղաքացիական հասարակությունը սկսել է սոցիալական ցանցերում ակտիվանալ, բայց մյուս կողմից էլ դրանով իսկ այս հասարակությունը չափազանց վիրտուալացվում է: «Այսինքն, իրական կյանքից տեղափոխվում է վիրտուալ դաշտ, ու եթե մի կողմից բուն ակտիվությունը ինչ-որ էֆեկտիվություն ապահովում է, բայց այդ տարածքը, որտեղ բողոքը բարձրանում է շատ նպաստավոր է իշխանությունների համար, քանի որ բողոքը մնում է վիրտուալ մակարդակում»,- ասաց «Ռազմավարական քաղաքականություն» ակումբի անդամը:











































