Պաղեստինյան ՖԱԹՀ-ը հայտարարել է, որ իրենք վճռականորեն են տրամադրված Պաղեստինի անկախության հարցում և դիմելու են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին կազմակերպության լիիրավ անդամակցություն ստանալու համար: ՖԱԹՀ-ի բարձրաստիճան պաշտոնյան հերքել է ԱՄՆ-ի կողմից վետո կիրառելու սպառնալիքին տեղի տալու և անկախությունից հրաժարվելու մասին տարածված տեղեկատվությունը` հայտարարելով, որ ՄԱԿ-ին լիիրավ անդամակցելու մասին համապատասխան դիմումը կներկայացվի սեպտեմբերի 23-ին: Այս մասին հայտնում է mignews.com-ը:
Հիշեցնենք, որ Պաղեստինը մտադիր է հայտարարել Իսրայելից միակողմանիորեն անջատվելու և 1967թ-ի սահմաններով անկախություն հռչակելու մասին: Նախօրեին իսրայելական մամուլը տեղեկատվություն էր տարածել, որ Պաղեստինի ինքնավարության առաջնորդ Մահմուդ Աբբասը, տեղի տալով ԱՄՆ-ի ճնշումներին, հրաժարվել է այդ մտքից և համաձայնել Պաղեստինի անկախության շուրջ շարունակել բանակցություններն Իսրայելի հետ:
Ավելի վաղ ԱՄՆ-ը զգուշացրել էին Պաղեստինի ինքնավարության ղեկավարությանը, որ ՄԱԿ-ում կկիրառեն իրենց վետոյի իրավունքը և թույլ չեն տա Պաղեստինին 1967թ-ի սահմաններով անկախություն հռչակել, քանի որ դա լուրջ սպառնալիք է մերձավորարևելյան խաղաղ գործընթացին և կարող է տարածաշրջանում կտրուկ լարել իրավիճակը:








































