Այն, ինչ տեղի է ունենում այսօր իսրայելա-պաղեստինյան ճակատում, անկասկած լինելու է, կամ արդեն կա որպես ռեգիոնալ անվտանգության համակարգի վերափոխման նոր խոշոր խթան և շարժիչ, որն ընդգրկում է առանցքային ուժային խաղացողների շահեր: Իսրայելի և «ՀԱՄԱՍ»-ի պատերազմը անշուշտ լոկ այդ երկու կողմի բախումը չէ, և ոչ էլ իսրայելա-պաղեստինյան բախման մի դրվագ: Այդ պատերազմը բերելու է մերձավորարևելյան ռեգիոնի անվտանգության ճարտարապետության վերափոխման, ինչն էլ անխուսափելիորեն ազդելու է Կովկասի վրա, որը այդ ռեգիոնի նվազագույնը «ավազան» է, եթե չասենք ՝ մեծ հաշվով հենց ռեգիոնի մաս, եթե ավելի լայն դիտարկենք Մերձավոր Արևելքը:
Ըստ էության, հենց այդ հանգամանքն է թերևս նաև բերել «3+3» ձևաչափի գաղափարի շուրջ ուշադրության աճին, որ մասնավորապես դրսևորվել էր նաև ՌԴ-ի և Իրանի արտգործնախարարների հեռախոսազրույցի ընթացքում, որտեղ նրանք հայտնել են այն արագ աշխուժացնելու անհրաժեշտության մասին: Երբ կլինի այդ ձևաչափի հանդիպում, և որտեղ, դեռ պարզ չէ, և անկասկած է, որ կազմակերպումն ինքնին կխլի ժամանակ և կունենա մի շարք քաղաքական բարդություններ: Այդուհանդերձ, բոլոր դեպքերում, Հայաստանն այդ ձևաչափի «սեղանին» պետք է թերևս ներկայանա ոչ միայն իր կովկասյան դե յուրե սահմանով, այլ նաև հայ ժողովրդի մերձավորարևելյան պատմա-քաղաքական և քաղաքակրթական հետագծով: Սա բոլորովին պետք չէ ասոցացնել անմիտ ու երևակայական հավակնության համատեքստում:
Պարզապես կասկածից վեր է, որ ռեգիոնալ մեծ վերաձևումներում առանցքային գործոն դիտվելու է նաև քրիստոնյաների գոյությունը, իսկ մերձավորարևելյան քրիստոնեական գոյության և ժառանգության հարցում հայկական հետքը անկասկած ծանրակշիռներից է, ըստ այդմ Հայաստանը թերևս պետք է խորհի այդ հանգամանքը հղկելու և իր դիվանագիտական փաթեթում ներառելու հնարավորության մասին, որպես խաղաքարտ, որն առնվազն պետք է ունենալ, իհարկե ոչ անպատեհ, բայց հարկ եղած ժամանակ սեղանին դնելու համար, որպես հայկական պետականության շահերի և դիվաանագիտական ներուժի կարևոր բաղադրիչ:








































