Ֆրանսիայի արտգործնախարար Կատրին Կոլոննան ելույթ ունենալով այդ երկրի Սենատի առաջ ասել է, որ Ֆրանսիան ձգտելու է ստանալ Լեռնային Ղարաբաղ հայերի վերադարձի ՄԱԿ ԱԽ բանաձև: Ըստ նրա, պետք է Ղարաբաղի հայերի պաշտպանության, նաև պատմամշակութային հուշարձանների պաշտպանության երաշխիքներ, իսկ դրա համար՝ միջազգային ներկայություն տեղում: Կոլոնան խոսում է շատ կարևոր խնդրի մասին: Մի կողմ թողնենք այն, թե ինչ ռազմավարական շահ և տակտիկական խնդիրներ է հետապնդում Ֆրանսիան: Արցախի հայության իրավունքների պաշտպանության ու անվտանգության հարցը շարունակում է մնալ արդիական: Բռնի տեղահանված, էթնիկ զտման զոհ դարձած մեր ավելի քան 100 հազար հայրենակիցները Արցախում են թողել իրենց սեփականությունը, տասնամյակների աշխատանքի արդյունքը, նաև հարազատների գերեզմաններ, այլ կարևոր և ընդհուպ սրբազան մասունքներ:
Այս թեմայի մասին խոսել եմ տեղահանման հենց առաջին օրերից և ընդհուպ նախօրեին հրապարակված հոդվածում նաև նշել, որ չնայած տեղահանումից, Արրցախի հայաթափումից հետո այնտեղ ՄԱԿ առաքելության ժամանման ցինիզմին, այդուհանդերձ այսօր պետք է ՄԱԿ և միջազգային դերակատարների առաջ դնել հայության սեփականության իրավունքի պաշտպանության, պատմամշակութային ժառանգության պաշտպանության հարցերը, ըստ այդմ նաև՝ Արցախում թողած սեփականության անվտանգ տնօրինման հարցերը: Սակայն այստեղ վերստին առաջ է գալիս այն հարցը, թե միջազգային դերակատարները, այդ թվում Ֆրանսիան, որքանով են ի զորու լինելու գործուն քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ արդյունք ստանալու համար, ի տարբերություն բլոկադան հաղթահարելու կամ Արցախում էթնիկ զտում թույլ չտալու հարցերին, որոնցում միջազգային դերակատարները ըստ էության թույլ տվեցին հանցավոր անգործություն: Դրա խորքային պատճառն անշուշտ այն աշխարհաքաղաքական բախումն է, որ կա այսօր, և դրանում շահերը, որ կապում են այդ դերակատարներին Ադրբեջանի հետ, նրանց մղում այդ կապերի համար աշխարհաքաղաքական մրցակցության՝ մեզ համար դրանից բխող հետևանքներով և ռիսկերով:
Ահա այդ համատեքստում, երբ Ֆրանսիայի արտգործնախարարը հայտարարում է, որ ձգտելու են ստանալ հայերի վերադարձի, իրավունքների պաշտպանության, պպատմամշակութային արժեքների պաշտպանության մասին բանաձև, հարց է առաջանում՝ թե այդ բանաձևը ստանալու համար աշխատելու՞ են արդյոք ՄԱԿ ԱԽ բոլոր մշտական անդամների հետ, կոնսենսուսային որոշում ստանալու համար: Որովհետև, մի կողմում Արևմուտք-Ռուսաստան դիմակայությունն է, ԱՄՆ-Չինաստան մրցակցությունը, մյուս կողմում ընդհուպ այսպես ասած ներարևմտյան հարցերն են, այդ թվում նույն ԱՄՆ ու Ֆրանսիայի միջև, որքան էլ չհնչի տարօրինակ: Եթե չկատարվի հնգյակի շրջանակում կոնսենսուսի հասնելու բավարար աշխատանք, ապա ՄԱԿ ԱԽ չի ընդունի որևէ բանաձև: Այդ դեպքում մեզ կմնա միայն հիանալ Ֆրանսիայի ջանքով, ինչը սակայն կլինի պարզապես քաղաքական մանկամտություն, որովհետև Ադրբեջանն այդ ընթացքում «հիանում» է նրանով, որ կարողանում է շարունակել ագրեսիվ քաղաքականությունն ու դրա համար պատասխանատվության չենթարկվելու հարմարավետությունը:








































