Այսօր՝ հոկտեմբերի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 13:15-ի սահմաններում Եղվարդ-Զովունի ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում բախվել են Jeep Cherokee և Opel մակնիշի ավտոմեքենաները:Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն: Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի հրամանատար՝ Հրաչյա Մկոյանը, և պարեկներ՝ Նարեկ Վարդանյանն ու Սասուն Հովհաննիսյանը:Օպերատիվ են գործել Եղվարդի հիվանդանոցի շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը, ովքեր վիրավորերին, մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել:
Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Նաիրիի բաժնի հերթապահ խումբը, համայնքային ոստիկանության ծառայողի գլխավորությամբ:Վթարի մասին Կոտայքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:
Վթարի փաստով Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ:Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով 2 ավտոմեքենաները դուրս են եկել երթևեկելի գոտուց, բախվել ճանապարհին տեղադրված գազախողովակի երկաթե հենասյուներին ու բախվել քարերին: Բարեբախտաբար գազի արտահոսք տեղի չի ունեցել:








































