Մեզանում կա համոզում, թե Ադրբեջանը փորձում է տապալել արևմտյան բանակցային հարթակը: Դրա վկայություն դիտվում է այն, որ Ալիևը չմեկնեց Գրանադա և չմասնակցեց հնգակողմ հանդիպմանը, թեև մենք աչքաթող ենք անում այն, որ նույն Ալիևը համաձայնել է հոկտեմբերի վերջին մասնակցել Բրյուսելում տեղի ունենալիք եռակողմ՝ Միշել-Փաշինյան-Ալիև հանդիպմանը: Իհարկե որևէ երաշխիք չկա, որ կարող է չկայանալ նաև այդ հանդիպումը, սակայն գոնե առայժմ, և նույնիսկ այդ հանդիպման չկայանալու դեպքում չկա որևէ ծանրակշիռ հիմք ասելու, որ Ալիևը ձգտում է տապալել արևմտյան բանակցային հարթակը: Ալիևը չունի որևէ բանակցային հարթակ տապալելու ձգտում, այլ հակառակը՝ Ալիևը ձգտում է առավելագույնս խաղարկել բանակցային տարբեր հարթակները, թե գործող, թե «սառեցված», թե նույնիսկ հնարավոր՝ ինչպիսին իրանյան պատկերացմամբ քննարկվող 3+3-ը, կամ էրդողանյան՝ 2+2-ը:
Ալիևը գործում է բանակցային հարթակների կամ ձևաչափերի «ժանգլյորության» տրամաբանությամբ, պատկերացնելով թերևս, որ որևէ հարթակի կամ ձևաչափի դեմ դիրքավորվելը չի կարող լինել շահավետ, կարող է դառնալ առավել կաշկանդող, հետևաբար պետք է խաղալ եղած տրամադրությունների կամ մտադրությունների վրա, որ կան ուժային կենտրոններում: Իհարկե առանցքային հարցը արհեստավարժ խաղի կարողությունն է, բայց, ներկայիս աշխարհաքաղաքական իրողություններից ելնելով, անարդյունավետ, և նույնիսկ կարող է հակաարդյունավետ լինել աշխատանքը, միտված մեկ առանձին վերցրած ձևաչափի պահպանման, կամ նույնիսկորևէձևաչափի տապալմման ուղղությամբ, որովհետև այդ ձևաչափերի կրողները գործնականում ունեն բազմապատիկ ավելի ռեսուրս, իսկ ձևաչափերը ներկայումս ոչ թե պարզապես դիվանագիտության,այլ գործնականում ներկայիս համաշխարհային պատերազմի ռազմա-քաղաքական տրամաբանության գործիքակազմի մաս են, հետևաբար դրանով իսկ չափազաննց կարևոր դրանց շահառու ուժային կենտրոնների համար: Սա է, որ Հայաստանի համար անհրաժեշտ, և գրեթե պարտադիր է դարձնում «ունիվերսալության» մոդելի ընդունումը, քանի որ ներկայիս իրավիճակում որևէ առանձին վերցրած ձևաչափում արդյունավետության հավակնելու համար կարևորագույն նախադրյալ է գոյություն ունեցող և քննարկվող ձևաչափերի միջև հավասարակշռության հասնելու կարողությունը:










































